Բրազիլիայի Բարձրագույն դաշնային դատարանը (Սահմանադրական դատարան) գործատուներին թույլ է տվել աշխատակիցներից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական՝ մասնակիորեն դադարեցնելով աշխատանքի և կենսաթոշակային ապահովության նախարարության հրամանի գործողությունը, որն ընկերություններին արգելել է աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունների հաստատման կամ երկարաձգման համար պատվաստում անցնելու մասին հաստատում պահանջել: Այս մասին հայտնել են դատական ատյանի մամուլի ծառայությունից։
Դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուի կարծիքով՝ չպատվաստված աշխատակիցների ներկայությունը աշխատավայրում կարող է վտանգավոր լինել մյուս աշխատողների, ինչպես նաև հաճախորդների առողջության համար: Դատավորը համարում է, որ պատվաստված լինելու պահանջից կարող են ազատվել միայն հակացուցում ունեցող քաղաքացիները, որոնք էլ պետք է պարբերաբար թեստավորվեն:
Բարոզուն նաև շեշտել է, որ աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 213 մլն բնակչություն ունեցող Բրազիլիայում ամբողջությամբ՝ երկու դեղաչափով, պատվաստվել է արդեն ավելի քան 126 մլն մարդ: Համավարակի սկսվելուց ի վեր՝ երկրում վարակվել է 22 մլն մարդ, արձանագրվել է մահվան 610 հազար դեպք: