Անցած մեկ տարում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է 1697 աճյուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին և բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ՝ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է 1697 աճյուն։
Որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են»,- գրել է Հունան Թադևոսյանը: