ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Փարիզում այսօր սպասվում է Լիբիայում ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային համաժողով, որը կանցկացվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ։ Համաժողովի ընթացքում ակնկալվում է օտարերկրացի վարձկանների դուրսբերման թեմայի քննարկումը. Լիբիայում ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 20 հազար օտարերկրացի վարձկան կա: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվում է, որ համաժողովի շրջանակում տեղի կունենա Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը։ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ կքննարկվեն Եվրոպայի ռազմավարական կայունությունն ու անվտանգությունը։ Նախարարները կքննարկեն նաև իրենց երկրների համատեղ ջանքերն իրանական միջուկային գործարքի վերաբերյալ, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործողությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և խորհրդի եվրոպական երկրները հայտարարել են, որ լեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Բելառուսը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցությունների արդյունքներով համատեղ հայտարարությունում նրանք դատապարտել են Մինսկի պահվածքը: Փաստաթղթում նշվում է, որ Բելառուսի նպատակն է իրադրության ապակայունացումը հարևան երկրների և ԵՄ արտաքին սահմաններին և երկրում մարդու իրավունքների խախտումներից ուշադրություն շեղելը։ Կողմերը հանդես են եկել հանրապետության իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթի սահմանման օգտին։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԻՃԱԿԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը։ Զելենսկին Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլու իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։ «Ես վրացական կողմին դիմել եմ՝ Միխեիլ Սաակաշվիլու մոտ նրա մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների մուտքի թույլտվություն ստանալու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը:
ՀՀ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՄԵԿՆԵԼ ՇՎԵԴԻԱ
Ամբողջական պատվաստում ստացած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճամփորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ Շվեդիայի կառավարության ընդունած նոր որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: Օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովը որոշում էր ընդունել, համաձայն որի՝ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին:
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆ ՄՇԱԿԵԼՈՒ ԿՈՉ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դժգոհել է աշխարհում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացի տեմպերից: Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ միլիարդավոր մարդիկ դեռ սպասում են առաջին դեղաչափին: «Իմունիզացիայի գործընթացում նման անհավասարությունը բարոյական սխալ է»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու կոչ արել միջազգային հանրությանը մշակել պատվաստման միջազգային պլան, որը թույլ կտա կրկնապատկել պատվաստանյութերի արտադրության և բաշխման տեմպերը՝ 2022 թվականի առաջին կեսին հասնելու պատվաստված բնակչության 70 տոկոս ցուցանիշի: