Աշոցքի և Ամասիայի ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ պահպանման աշխատանքներով զբաղվող ընկերության ավտոպարկն է: Մեքենաներն են ստուգում, կարգի բերում՝ առջևում ձմեռ է: Իսկ այստեղ տեղումները սովորաբար առատ են լինում:
Գարեգին Մարգարյան (վարորդ) - Շատ ահավոր ձյուն կուգա, բուքերը շատ են, ահավոր է ձմեռը, բայց մենք 100 տոկոսով պատրաստ ենք:
Արդեն 8 տարի այս գործով զբաղվող Գարեգինին Աշոցքի ու Ամասիայի խստաշունչ ձմեռն անհանգստություն չի պատճառում, ինքը երկու շարժիչով ձյունմաքրիչ մեքենա է վարում: Ասում է՝ կաշխատեն ինչպես միշտ՝ անխափան երթևեկություն ապահովելով տարածաշրջանի բոլոր ճանապարհներին:
Ալեքսան Քոչոյան («Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ) - Պատրաստ վիճակում ունենք 5 հատ ռոտորային ձյունմաքրիչ մեքենաներ, երկուշարժիչանի մեքենաներ, 4 հատ գրեյդեր ունենք:
Սա փոքր մասն է: Այլ տեսակի ձյունմաքրիչ ևս 3 մեքենա, աղ և ավազ բեռնաթափող 2 ավտոբարձիչներ: Նաև քարշիչ մեքենաներն են պատրաստ՝ ԱԻՆ աշխատակիցներին օգնելու, մեքենաները ճանապարհից հեռացնելու համար:
Ալեքսան Քոչոյան - Կուտակել ենք էս պահի դրությամբ 40 տ տեխնիկական աղ՝ ճանապարհները մերկասառույցից մաքրելու համար և 750 խմ ավազ:
Ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակահատվածը մեկնարկում է նոյեմբերի 15-ին: Մինչ այդ՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ստուգում են ճանապարհաշինական կազմակերպությունների տեխնիկական ապահովվածությունը՝ որքանով են պատրաստ սպասարկելու ճանապարհը մինչև ապրիլի 1-ը՝ սեզոնի ավարտը:
Գոռ Մարգարյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և սպասարկման բաժնի համակարգող ինժեներ) - Արդեն իսկ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից կատարվել են շրջայցերը, և արձանագրվել ու ֆիքսվել է, որ այդ ճանապարհաշինական ընկերություններն ունեն բավարար ռեսուրսներ այդ ճանապարհները սպասարկելու համար:
Աղի և ավազի պահեստավորումը Ամասիայում ընթացքի մեջ է, ճանապարհի մերկասառույցի դեմ պայքարի համար մինչև հունվարի մեկը կպահեստավորեն մոտ 2000 խմ ավազ և 80-100 տ տեխնիկական աղ:
Գոռ Մարգարյան - Շիրակի մարզում ձմեռային ժամանակաշրջանն ավելի խիստ է լինում, քան մնացած մեր մարզերում, իսկ ավելի խիստ է Վարդաղբյուր կոչվող հատվածում՝ Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման 153-րդ կմ-ում:
Հենց այդ հատվածում ճանապարհի սպասարկմամբ զբաղվող ընկերությունը նոր հենակետ է կառուցել: Ննջարան, խոհանոց, խաղասենյակ, ջուր ու ջեռուցում ունեն:
Մարսել Կարապետյան («Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության տնօրեն) - Մենք ունենք Աշոցքում հենակետ և Ամասիայում, էստեղ չունեինք, մինչև Աշոցքից գալիս էինք էստեղ, մեկ ժամ էր տևում, դժվար էր, սա մեր երրորդ հենակետն է, որը ամենաճիշտ տեղում է դրված:
Հենակետում ձմռանը 24-ժամյա հերթապահություն կսահմանվի, ձյունմաքրող մեքենաներն էլ տարածքում կկայանեն, եթե նախկինում ձմռանը այդտեղ հասնելու համար 40 րոպեից 1 ժամ էին ծախսում, հիմա 2 րոպեում ճանապարհը ձյան ծածկից կազատեն:
Մարսել Կարապետյան - Ուժեղ բքերի ժամանակ նաև տեսանելիություն չի լինում, ինչը խանգարում է ճանապարհի նորմալ երթևեկությանը, ինչպես մեր մեխանիզմների աշխատանքը, այնպես էլ սովորական մեքենաների: Ա՛յ այդ ժամանակ այս շենքը պետք է գալու:
Խոստանում են՝ նաև միջպետական ճանապարհով երթևեկողներին Շիրակի ձյունամրրիկների ժամանակ կհյուրընկալեն հենակետում ու տաք թեյ կտան:
Մարսել Կարապետյան - Ստեղ միշտ դուռը բաց է լինելու բոլորի համար՝ անկախ նույնիսկ ազգությունից: