Երևանի սքեյթ հրապարակում շինարարական վերջին աշխատանքներն են արվում: Ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ հրապարակը Ուկրաինայի հայերի միության նվերն է Երևանին:
Դավիթ Մկրտչյան (Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ) - Ուկրաինայի հայերի միությունում երկար տարիներ մշակվում էր մի ծրագիր, որ Հայաստանում՝ կոնկրետ Երևան քաղաքում ունենանք մի պուրակ:
Միությանը որոշեց Երևանում կառուցել սքեյթպարկ: Քաղաքապետարանի հետ համատեղ համապատասխան հռչակագիրը ստորագրվեց դեռևս 2020-ի փետրվարին: Համավարակով պայմանավորված խոշորածավալ ներդրման իրականացումը հետաձգվեց: Եվս մի քանի օր, ու պարկը կբացվի ոչ միայն սքեյթբորդի, այլև անվավոր չմուշկների ու հեծանիվների սիրահարների համար:
Դավիթ Մկրտչյան - Բացումը մենք նախատեսում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին:
Թե ինչու որոշվեց Երևանում ունենալ նման հրապարակ, ևս ունի իր բացատրությունը: Այն բաց է լինելու 24 ժամ, մուտքը՝ անվճար, ասում է Դավիթ Մկրտչյանը, նպատակն այն է, որ երեխաներին առողջ ապրելակերպի հնարավորություն տրվի: Ինչու ոչ, այն նաև կնպաստի սքեյթբորդ մարզաձևի զարգացմանը: Ճարտարապետ Արմեն Շատվորյանի համար անակնկալ էր նման հրապարակ նախագծելու առաջարկը:
Արմեն Շատվորյան (ճարտարապետ) - Արդեն քանի ամիս մենք ուսումնասիրություններ էինք անում, գտնում էինք բոլոր յուրահատկությունները այդ մշակույթի, որովհետև, այո՛, նաև մեզ համար են նոր իրանց օրենքները, ձևերը: Փորձեցինք ստանալ մի միջավայր, անկյուններ, որտեղ ամեն մի ցանկացող իրա անկյունը գտնի, որովհետև ստեղ փաստորեն և՛ չմուշկներով, և՛ ռոլիկներով կարող են քշել, և՛ ԲիԷմԻքս հեծանվորդները:
Սքեյթպարկը տարածքին նոր շունչ կհաղորդի՝ վստահ է ճարտարապետը: Միայն մարզահրապարակը 2000 քմ է, հարևանությամբ մարզաձևին բնորոշ լուծումներով բարեկարգվել է նաև այգու մի հատվածը: Սքեյթպարկում կլինի բժշկական հերթապահություն:
Դավիթ Մկրտչյան - Սա մեր ապագա բուժկետն ա, հիմա արդեն եզրափակիչ փուլի մեջ ա: Այստեղ մեր ադմինիստրացիան ա:
Ովքեր արդեն ունեն սքեյթբորդ, հրապարակից կօգտվեն անվճար, ովքեր չունեն՝ կարող են տեղում վարձակալել: Մարզաձևի սիրահարների համար կգործի նաև սքեյթբորդի մասնագիտացված խանութ: