Մետրոպոլիտենի ամբողջ ցանցում 56 կմ ընդհանուր երկարությամբ ռելսեր կան։ Վերջին անգամ 4400 գծամետր ռելսեր ձեռք են բերվել 7 տարի առաջ: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ չնայած ռելսերի մաշվածությանը, անհանգստանալու կարիք չկա՝ մասնագետներն ամեն օր ստուգում են դրանք:
Գևորգ Ավետիսյան («Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար) - Ամեն գիշեր՝ աշխատանքների ավարտից հետո, աշխատակիցները մտնում են փակուղիներ, թունելային հատվածներ և ամեն սանտիմետրը մեկ ստուգում ռելսը, փայտակոճերը:
Շարժակազմերի տեխնիկական վիճակից էլեկտրամատակարարման ենթակայաններ. ստուգումներն իրականացվում են այնքան ժամանակ՝ մինչև համոզվում են, որ առավոտյան 7.00-ին գնացքի կարգավարը կապահովի քաղաքացիների ապահով երթևեկությունը: Անվտանգության գլխավոր վերահսկիչն ասում է՝ ամիսը մեկ ամբողջ երկարությամբ իրականացնում են նաև գնացքի ռելսերի ամբողջական ստուգում:
Մուշեղ Բարսեղյան («Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ անվտանգության գլխավոր վերահսկիչ) - Կան ռելսեր, որոնք տեղադրված են բացման օրվանից, դրանց վրա բեռնաթողունակությունը դեռևս թույլատրվում է, այսինքն՝ ռելսերի փոխարինման առաջին կրիտերիան համարվում է իրենց վրայով անցած բեռնաթողունակությունը և, առաջին հերթին՝ իրենց տեխնիկական վիճակը:
Գործադիրն օրեր առաջ ընդունվեց որոշում, ըստ որի Կառավարությունը մեկ անձից գնման եղանակով Երևանի մետրոպոլիտենի համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից ռելսեր կգնի: Արժեքը կկազմի մոտ 141 միլիոն դրամ: Հիմնավորման մեջ նշվում էր՝ մետրոպոլիտենի գնացքի ռելսերը ծայրահեղ մաշված վիճակում են, ուստի դրանց փոխարինումը նորերով անհրաժեշտություն է: Գևորգ Ավետիսյանը նշում է՝ մինչև այս մրցույթը հայտարարվել էր յոթ մրցույթ, սակայն տարբեր պատճառներով չէր իրականացվել:
Գևորգ Ավետիսյան - Մասնակիցներ չեն եղել, տվել են նախահաշվային գնից բարձր գին, և հասունացավ այն պահը, որ դիմեցինք մեզ օգնության՝ մեկ անձով ձեռք բերենք այդ ռելսերը և միևնույն ժամանակ ունենում ենք մեկ անձի պարագայում ֆինանսական լուրջ տնտեսում:
Նոր ռելսերը ձեռք են բերվելու շահագործման բոլոր կանոնների համաձայն: Նախատեսվում է, որ նոր ռելսերի մատակարարումը ընկերությունը կիրականացնի 45 օրվա ընթացքում։