Հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ադրբեջանում գերիների ապօրինի դատապարտումները ճանաչել արդար դատաքննության իրավունքը խախտող և պահանջել Բաքվից ազատ արձակել գերեվարված ու պատանդառված հայ անձանց:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Ելքի ակնկալիքը հստակ է, դատարանն արձանագրելու է, որ բեմականացված դատավարություններ են եղել, որտեղ մարդու հիմնարար իրավունքները չեն հարգվել, ուստի դատարանը չի ընդունում դատավարությունների արդյունքը, իրավական տերմինաբանությամբ՝ արդար դատաքննության իրավունքի խախտում: Այս իրավունքի խախտման պարագայում դատարանը կարող է պահանջել ազատ արձակել ապօրինի դատապարտվածներին:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերեվարված անձինք իրավական պաշտպանության ներքո են և անպայման կվերադառնան հայրենիք: Հայաստանն առայսօր մոտ 250 անձի առնչությամբ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ: 113 հայրենադարձված անձանց գործով անհապաղ միջոցներն այլևս չեն կիրառվում, մյուսների գործերով ՄԻԵԴ-ի որոշումներն ուժի մեջ են: Չնայած հստակ ապացույցներին՝ Ադրբեջանն այդպես էլ չի ընդունում մի խումբ անձանց գերեվարումը: Նրանք համարվում են բռնի անհետացածներ: Սահակյանի խոսքով՝ այդ դեպքում մեծ է կամայականության վտանգը, քանի որ նրանք իրավական պաշտպանությունից դուրս են: Այս գործերով ևս դիմումներ են ներկայացրել ՄԻԵԴ:
Սիրանուշ Սահակյան - Այն անձինք, ում առնչությամբ դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց ունենք ապացույցներ գերեվարման վերաբերյալ, գանգատների առարկաները փոխում ենք, բռնի անհետացման գործ ենք ներկայացնում դատարանին:
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց, ըստ Սահակյանի՝ հետևությունների հանգելու համար ապացույցները հաճախ բավարար չեն: Բայց հաջողվում է փաստել, որ անձը հայտնվել է ադրբեջանական զինուժի հսկողության ներքո, իսկ անձի գտնվելու վայրում ո՛չ նրան, ո՛չ էլ դին հնարավոր չի եղել հայտնաբերել:
Սիրանուշ Սահակյան - Մենք իրավական գործընթացներ ենք նախաձեռնել՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու և ընտանիքներին հայտնելու պատասխանատվության մասով:
Սահակյանը 2004-ին Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած Սաֆարովի երկրին պատասխանատվության ենթարկելու գործով ՄԻԵԴ-ում ներկայացուցիչն է: Դատարանն արդեն 5-րդ գործով վճռեց ու արձանագրեց, որ Ադրբեջանն իրականացրել է խոշտանգումներ և սպանություններ: Մինչդեռ Հայաստանի դեմ որևէ նման վճիռ չի կայացվել: Եվրադատարանից շուտով սպասվում են Ադրբեջանի դեմ տասնյակ գործերով վճիռներ: Եվրոպական կառույցներում Բաքվի ներկայացուցիչները Լապշինի գործի կոնտեքստում հայտարարել են, որ հայերին առնչվող Եվրադատարանի ակտերը չեն կատարելու և չեն պատրաստվում նաև փոխհատուցել:
Սիրանուշ Սահակյան - Նշվել էր, որ հայերի առնչությամբ որոշումները չեն կատարվում, բայց քանի որ Լապշինը հայ չէ, կքննարկեն, կհասկանան պետության քաղաքականությունը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2016-ին Ադրբեջանի իշխանությունների հարցումով ձերբակալվել էր Մինսկում, ապա արտահանձնվել Ադրբեջանին, 7 ամիս անցկացրել Բաքվի բանտում՝ Արցախ առանց Բաքվի թույլտվության այցելելու համար: 2018-ին Լապշինը Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել Եվրադատարան՝ անօրինական ազատազրկման, բանտում վատ վերաբերմունքի և սպանության փորձի համար: ՄԻԵԴ-ը մայիսին վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով 30000 եվրո փոխհատուցել բլոգերին:
Սիրանուշ Սահակյան - Համագործակցում ենք մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ, սանկցիաների կիրառման նպատակով փաստաթղթավորելու ենք բոլոր միջադեպերը, պաշտոնապես դիմենք ԵՄ, ԱՄՆ, Անգլիա, որտեղ գործում են իրավական ռեժիմներ, դրանց հիման վրա կարող են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվել պատժամիջոցների կիրառման ներքո:
Փաստաբանական թիմը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսելու փաստին: Սահակյանը շեշտում է՝ հետևողականություն չցուցաբերելու և պատժամիջոցներ չկիրառելու դեպքում Ադրբեջանը խիստ վնաս կպատճառի Եվրոպական դատարանի հեղինակությանը: