2022 թ. հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվելու Եվրամիության կողմից տրամադրվող GSP+ մաքսային արտոնությունների համակարգից: Այս արտոնությունը վերաբերում էր ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին. նրանք հնարավորություն էին ստանում ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել ԵՄ շուկա զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Հայաստանն այս արտոնություններից օգտվում էր դեռևս 2009 թվականից, իսկ 2014-ից ընդգրկվել էր վերանայված արտոնյալ ռեժիմի նոր փուլում:
Ըստ կանոնակարգի՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Այդ դեպքում տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:
Համաշխարհային բանկը վերջին մի քանի տարիներին Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում: Այս տարի մեր երկիրը գտնվում է անցումային ժամանակահատվածի փուլում:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Էդ արտոնությունը տրվում է այն տնտեսություններին, որոնք գտնվում են խոցելի վիճակում և որոնք չեն էլ կարող մաքսատուրք վճարելով իրենց հետ մրցունակ ապրանք մատակարարել եվրոպական շուկա: Հիմա արդեն համարում են, որ նույնիսկ մաքսատուրք վճարելով՝ մենք ունակ ենք մրցունակ ապրանքներ մատակարարել, քանի որ մենք արդեն միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր ենք համարվում:
2020 թվականի տվյալով՝ Եվրամիության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր առևտրի շուրջ 18%-ը։ Հայաստանից ԵՄ արտոնյալ արտահանման ընդհանուր արժեքը 2019 թվականին հասել էր 197 մլն եվրոյի։
Սոս Խաչիկյան (տնտեսագետ) - Կարծում եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ չենք ունեցել մինչև այժմ արտոնյալ պայմաններով համակարգի մեջ գտնվելու ընթացքում մի շարք պատճառներով: Նախ, առաջին հերթին, իսկապես դրա շրջանակում ակնկալվում էր, որ պետք է Հայաստանում լինեին ներդրումային մեծ ծրագրեր, ինչը տեղի չունեցավ, և ակնկալվում էր, որ արտահանման ծավալները մեծ չափով պետք է ավելանային, ինչը նույնպես տեղի չունեցավ:
4 տարի անընդմեջ միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր լինելը խոսում է կայունության մասին` վստահ է Արման Եղոյանը:
Արման Եղոյան - Մի կողմից, իհարկե, շատ ավելի հարմար էր առանց մաքսավճարի այդ 6200 անուն ապրանքատեսակները Եվրամիություն արտահանելը, բայց մյուս կողմից էլ սա նաև կարող է այսպես ավելի մրցակցային պայմաններ ստեղծել ու ազդել մեր արտադրատեսակների որակի բարձրացման վրա:
Արտոնությունների ներքո Հայաստանի հիմնական արտահանած ապրանքներն են՝ մետաղները և հանքանյութերը, խեցգետինը, հյութը, ջեմերը և այլ վերամշակված մթերքները, հագուստը, ծխախոտը, ժամացույցները և այլ ապրանքներ։
Սոս Խաչիկյան - Այդ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը եղել է հանքարդյունաբերությունը, և եղել է մետաղական արտադրանքը, դա լավ ցուցանիշի մասին չենք կարող ասել, որ խոսում է, որովհետև բոլոր դեպքերում հանքարդյունաբերությունը տեխնոլոգիական չէ, այն, ինչ մենք կցանկանայինք ունենալ:
Պատգամավորի կարծիքով՝ կարճաժամկետ հատվածում միգուցե որոշակի դժվարություններ լինեն, սակայն երկարաժամկետում հնարավոր է խնդիրները կարգավորել:
Արման Եղոյան - Կարծում եմ, որ մի քանի տարվա ընթացքում կկարողանանք արտադրանքի, որակի բարձրացման հաշվին նորից նույն դիրքը զբաղեցնել եվրոպական շուկայում, հակառակ պարագայում ուղղակի կստացվեր թույլ տնտեսություններին օգնություն:
Նշենք, որ Հայաստանին արտոնությունների ընդհանրացված համակարգից օգտվելու հնարավորություն են տալիս նաև ԱՄՆ-ն, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան