Դավիթ Թումասյան (Scylla ընկերության գործադիր տնօրեն) - Էս իրականում զենք չէ, կարող եք չանհանգստանալ, համակարգը, տեսնելով զենքի առկայություն միջավայրում, միլիսեկունդների ընթացքում ուղարկում է թե՛ հավելվածին, թե՛ մեր վեբ դաշբորդին:
Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերի տեսարանների կրկնօրինակում չէ. հայկական «Սցիլլա» անվտանգության համակարգը գտել է զենքն ու ցույց է տալիս համակարգչի էկրանին:
Դավիթ Թումասյան - Երևում են տեղը, հայտնաբերված օբյեկտը, հայտնաբերված ընդհանուր կադրը, թե զենքը ում ձեռքին է գտնվում:
Կարելի է ստուգել նույնիսկ մարդու մարմնի ջերմաստիճանը: Համակարգն իրական ժամանակում գտնում է զենք, զինամթերք, վերլուծում մարդու շարժումներն ու կանխատեսում կասկածելի վարքը, գործողությունների հիման վրա հասկանում՝ վտանգավո՞ր իրավիճակ է: Թիմի նպատակն է հանցագործություններն ու նույնիսկ ահաբեկչությունները ժամանակին կանխելը:
Ալբերտ Ստեփանյան (Scylla ընկերության հիմնադիր) - Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում ու Վաշինգտոնում, շատ դեպքեր են եղել, որ հայերի վրա են հարձակվել, նույնիսկ հայկական եկեղեցի են այրել, ու մենք անմիջապես սկսել ենք համագործակցել տեղի հայկական ասոցիացիաների հետ ու Սքայլան ենք տեղադրել հայկական եկեղեցիներում ու դպրոցներում:
2018-ին հիմնված հայկական ընկերությանն իր անվտանգությունն է վստահել 100-ից ավելի խոշոր ընկերություն՝ 6 միջազգային օդանավակայանից մինչև Մեքսիկայի, Կոլումբիայի ոստիկանություն, Միացյալ Նահանգների նավթային ամենամեծ ընկերություն:
Ալբերտ Ստեփանյան - Մեր հայ ծրագրավորողները ստացել են արհեստական բանականության մոդելներ, որոնք աշխատում են տարբեր տեսակի կամերաների ու դրոնների հետ, այսինքն՝ սա յունիք է աշխարհում: Կոնկրետ «Սցիլլան» հիմա տեղադրված է դրոնների վրա ու աշխատում է հայտնաբերելու մեքենաներ, մարդկանց, զենքեր, մարդկանց ուղղություն, մարդկան տեղաշարժ, ու տալիս ենք ամբողջ հետախուզական ինֆորմացիան:
Դավիթ Թումասյան - Այսինքն՝ մենք տրամադրում ենք միայն ծրագրային լուծումը, ունենք 20-ից ավելի համագործակցություն, տրամադրում ենք վեբ համակարգ ու հավելված, ցանկացած վտանգ տեսնելու դեպքում ծանուցում ենք վտանգի առկայության մասին:
Հայաստանյան 30 հոգանոց թիմից բացի մասնաճյուղեր ունեն Լեհաստանում ու Միացյալ Նահանգներում: Անվտանգության համակարգերի՝ աշխարհի առաջատար տասնյակում հայտնված ընկերությունից վստահեցնում են՝ «համակարգչային տեսողությամբ» մրցում են նույնիսկ Գուգլի հետ:
Ժորա Գևորգյան (Scylla ընկերության գլխավոր ինժեներ-ծրագրավորող) - Գուգլի մեքենայական տեսողությունից ավելի լավն է մեր համակարգը: Այսինքն՝ եթե մեր կոնկուրենտը կարա տա 5 դոլարով, իսկ մենք կարող ենք անել 1 դոլարով:
Անունն էլ Հոմերոսի «Ոդիսականից» է: Scylla կերպարն էր որոշում՝ ո՞ր նավը պետք է հատի ծովը:
Ալբերտ Ստեփանյան - Նույնն էլ «Սցիլլան» է, եթե տեսնում է վտանգավոր օբյեկտ, որը իրան դուր չի գալիս, «խժռում» է՝ ահազանգ է տալիս, եթե դուրը գալիս է, թողնում է:
Դիցաբանական անունով թիմից հանցագործներին զգուշացնում են՝ «Սցիլլայի» տեսախցիկներն ամենուր են հետևում: