ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր:
Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահաբաժինները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքաչափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25-ից դարձնելով 50 տոկոս և նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 և 5 տոկոս՝ համապատասխան ներդրումների ապահովման դեպքում:
Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը և Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ Կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը: