Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կանխարգելիչ քայլերի իրականացումը։
Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարարը նույն օրը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև
Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը։ Նրան դիմավորել է համաժողովի նախագահ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Պասկալ Լամին։
Համաժողովը, որին մասնակցում են պետությունների ու միջազգային կազմակերպությունների մի քանի տասնյակից ավելի ղեկավարներ, այս տարի նվիրված էր կորոնավիրուսի համավարակի գլոբալ հետևանքների հաղթահարմանը։ Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Հեղինակ՝ Աննա Զախարյան