Ցածր և միջին եկամուտ ունեցող 31 երկրում պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցման անցնելու: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի՝ 14 երկրում մոտ 102 միլիոն աշակերտ համավարակի պատճառով զրկվել է կրթության հնավորությունից:
Համավարակը զգալիորեն մեծացրել է թերուսությունը և նույնիսկ ֆունկցիոնալ անգրագիտությունը, հղում անելով Համաշխարհային բանկի զեկույցին՝ նշում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների արդեն գրեթե 70 տոկոսը չի կարողանում կարդալ ու տարրական տեքստ հասկանալ: Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է: Այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 28-36 շաբաթ: Համաշխարհային բանկի դասակարգմամբ՝ Հայաստանը վերջին տարիներին համարվում է նշված միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր և թերուսության ու անգրագիտության ցուցանիշն էլ մեր երկրում ավելի ցածր է:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հայաստանի դեպքում այդ թիվը շատ շրջանառվեց. 2015 թվականի հետազոտության տվյալներով՝ 10 տարեկանների շուրջ 30 տոկոսի մասին էր խոսքը, որոնք դժվարանում են կարդալ և հասկանալ պարզ տեքստեր, և 2019 թվականի տվյալներով՝ այդ ցուցանիշը մեզ մոտ դարձել է 20 տոկոս:
Անդրեասյանը կարծում է, որ համավարակի ընթացքում Հայաստանը նույնպես որոշակի հետընթաց է գրանցել, ինչը պարզ կդառնա հաջորդ հետազոտությունների փուլում: Մեր երկրում դպրոցները փակ են եղել ընդամենը 12 շաբաթ: Դա, ըստ փոխնախարարի, շատ երկրների համեմատությամբ՝ բավական լավ ցուցանիշ է՝ ամեն դեպքում մտահոգիչ լինելով հանդերձ: Հայաստանում աշակերտների կրթությունը հետ է ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որտեղ առաջացած բացը մեկուկես տարի է։
Ժաննա Անդրեասյան - Բնականաբար, մեր դպրոցները փորձում են բաց թողնվածը լրացնել, բայց եկեք չմոռանանք, որ 2020 թվականի մարտից դպրոցներում դասապրոցես չունեցանք, ունեցանք հեռավար գործընթաց, որը հասանելի էր ոչ բոլոր երեխաներին և չէր կարող փոխարինել ամբողջությամբ առկա դասապրոցեսը:
Երևանի Չարենցի անվան համար 67 դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը իր ղեկավարած հաստատության օրինակով է փաստում՝ որքան էլ ուսուցիչները տիրապետեն հեռավար դասերի գործիքներին, համավարակի մարտահրավերը ազդել է կրթության վրա:
Տնօրենի դիտարկմամբ՝ ընտանիքների մեծ մասը դասերին երեխայի մասնակցությունն ապահովելու համար տեխնիկական հնարավորություն չունի: Դասապրոցեսին լիարժեք ու միաժամանակյա մասնակցություն հնարավոր չի լինում ապահովել, երեխաներն էլ ընդհանուր առմամբ պատրաստ չեն իրական հեռավար ուսուցման: Այդ պատճառով էլ նախորդ ուսումնական տարեվերջին ստիպված են եղել խտացնել թեմաները, ինչը երեխաներից շատերը չեն յուրացրել. տուժել է կրթության որակը:
Անահիտ Խեչումյան (Երևանի համար 67 հիմնական դպրոցի տնօրեն) - Քանակական փոփոխությունների արդյունքում միշտ որակը փոխվում է, մի դեպքում բարձրանում է, մի դեպքում իջնում է, իսկ նման պայմաններում, երբ որ արդեն մենք ունենք հոգեբանորեն ճնշված երեխաներ, գրեթե բոլորի ընտանիքներում հիվանդներ, մահացություններ, այդ ամբողջը ազդում է երեխաների վրա:
Համավարակի ընթացքում կրթության ոլորտի ցնցումները հիմնականում վնասել են ոչ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների ուսումնառությանը: Իսկ ամենաուղիղ ազդեցությունը, ըստ Անահիտ Խեչումյանի, կրել է տարրական դպրոցը. այդ տարիքային խմբի երեխաներին ավելի շատ խաղերն են հետաքրքրում, ու դժվար է նրանց ուսուցումը կազմակերպել համակարգչի առաջ:
Անահիտ Խեչումյան - Ծնողները հիմնականում չեն կարողանում այնքան ժամանակ հատկացնել, որ երեխաների կողքին նստեն և այդ ամենը կազմակերպեն, ինչը և դպրոցում անում է ուսուցիչը: Այս առումով տարրական դպրոցը շատ է տուժում:
Ալլան երրորդ դասարանի աշակերտի ծնող է, ասում է՝ որդին առաջին դասարանի գիտելիք ունի: Տղայի ուսուցումը առաջին դասարանի երկրորդ կիսամյակից հեռավար է կազմակերպվել, ինչը Ալլան անարդյունավետ է համարում. դժգոհ է նաև արձակուրդները երկարաձգվելուց: Ասում է՝ գոնե օրումեջ առկա դասեր լինեին:
Ալլա Սիմոնյան (աշակերտի ծնող) - Երեխաները ոչ մի բան չեն սովորում հեռավարից, անցյալ տարի որ օրումեջով են գնացել, ավելի լավ է այդպես լինի, քան չգնան, սա աբսուրդ է, ոչ մի բան չեն սովորում, ինչ էլ գիտեն՝ լրիվ հետ են վարժվում: Աշխատում ենք, տանը չենք, եթե ես տանը չեմ, իմ երեխան հեռախոսով ո՞նց է դաս անելու, համակարգչի դիմաց էդքան երկար չի կարող նստել:
Եվ որպեսզի դպրոցական առարկաները ոչ թե համակարգչի էկրանից սովորեն, այլ դասասենյակում ընկերների հետ միասին, անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ներդրումն ունենան համավարակի հաղթահարման գործում: Ստեղծված իրավիճակում առողջապահությանն աջակցելու մեզանից յուրաքանչյուրի քայլը, վստահեցնում է Ժաննա Անդրեասյանը, դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան