Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համակողմանի համապատասխանում է Հայաստանի ազգային ռեֆորմի օրակարգին՝ տնտեսությունից մինչև արդարադատություն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեսակետն է: Նրա խոսքով՝ ՍԵՊԱ-ի իրականացումը գործնականում արտահայտվել է հանրային կյանքում:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ) - Օրինակ՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, բարեփոխված ընտրական օրենսդրությամբ մենք արդեն մեկ համապետական ընտրություն իրականացրել ենք, նույն ՏԻՄ ընտրությունների մասով բավականին համայնքներում ընտրություններ են լինում, սա, ըստ էության, նոր, բարելավված ժողովրդավարական ընտրակարգի փոփոխություն է, որ մեր քաղաքացին տեսնում է, թե ինչպես իր ձայնը վերածվում ներկայացուցչության:
Մոտ 400 հոդվածից կազմված ՍԵՊԱ-ի իրագործման 9 ամսվա ընթացքը փոխնախարարը դրական է գնահատում՝ հաշվի առնելով նաև COVID-19-ի համավարակն ու պատերազմը, որոնք որոշ օրենսդրական փոփոխությունների հետաձգման պատճառ դարձան:
Քրիստիննե Գրիգորյան - Պետք է ձեզ վստահեցնեմ, որ մեր եվրոպական գործընկերների հետ մենք ունենք, որ ամենակարևորը՝ մենք ժողովրդավարության օրակարգից չենք շեղվում: Այո՛, ունենք որոշակի ուշացումներ, բայց դրանք մենք վերագտնում ենք կարճ ժամանակահատվածում:
Գրիգորյանը հիշեցրեց, որ մինչև 2019 թվականն արդարադատության նախարարությունը հասցրեց մշակել և ընդունել դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունները: Ըստ փոխնախարարի՝ վեթինգի ուղղությամբ ևս արվել են քայլեր:
Քրիստիննե Գրիգորյան - Խոսքը գործող դատավորների գույքային դրության ստուգմանն է վերաբերում, որ դատավորների, դատախազների, քննիչների արդեն ամբողջական բարեվարքության ստուգում է, որն իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
ՍԵՊԱ-ի՝ արդարադատության նախարարության 2021 թվականի համար նախատեսված ծրագրերից միայն մեկը չի կատարվել, վստահեցնում է Քրիստիննե Գրիգորյանը ու հավելում, որ խոսքը նոր՝ արբիտրաժային դատարանի մասին է:
Արդեն 2022 թվականին նախարարությունը կաշխատի մարդու անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտի զարգացման ու բարեփոխման վրա, ինչը նախատեսված է ՍԵՊԱ-ով:
Հեղինակ՝ Անի Օհանյան