ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ընթացքը։
Ծրագիրը մեկնարկել է դեռևս 2013 թվականից։ Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը։ Ըստ նախարարի՝ այն համայնքներում, որտեղ իրականացվել է այս ծրագիրը, հսկայական դեր և նշանակություն է ունեցել, համայնքային կյանքում պատկեր և մթնոլորտ է փոխվել։
Նախարարի խոսքով՝ եկող տարի ծրագիրը կավարտվի, քանի որ մոտ 7 կմ է մնացել, սակայն նախարարությունը ցանկություն ունի ծրագիրը շարունակել։ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Քերոլին Գեգինատն իր հերթին ընդգծել է, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը լավագույն կատարողականն ապահոված ծրագրերից մեկն է և բավական երկար պատմություն ունի։
Տիկին Գեգինատը գոհունակություն է հայտնել, որ նախարարությունը հակված է տրանսպորտային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը շարունակելու և տեղեկացրել է, որ նախատեսում են առաջիկայում անդրադարձ կատարել նաև ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերին, քանի որ Հայաստանում վթարների ցուցանիշը բավական բարձր է։
«Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ իրավիճակը փոփոխելու համար»,- ասել է Գեգինատը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «կանաչ տրանսպորտի» թեմային։ Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարությունը անցած տարվանից սկսած արտոնություն է սահմանել էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներկրման համար, ինչը հանգեցրել է նրան, որ 6-7 անգամ ավելացել է էլեկտրոմոբիլների ներկրումը։
Կառավարությունը քննարկում է այդ արտոնության ժամկետը երկարացնել, որպեսզի ավելի մեծ թվով էլեկտրոմոբիլներ ներկրվեն։