Հայաստանի մարզերը պետք է ունենան պատշաճ տրանսպորտային համակարգ, չպետք է լինի համայնք, որտեղ երթուղային տրանսպորտ չի մտնում՝ անկախ երթուղու շահութաբերությունից: Կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որին հասնելու համար փորձում են ստեղծել համակարգ, որով մեկ ընկերությունը կսպասարկի ամբողջ մարզը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ամբողջ մարզի տրանսպորտային ցանցը դնում ենք մրցույթի՝ ասելով, որ այն ընկերությունը, որ գալիս է, կան շահութաբեր և ոչ շահութաբեր գծեր: Մի տեղում շահույթ է ստանում, մյուս տեղում այդ շահույթը պետք է օգտագործի նաև ոչ շահութաբեր գծերը սպասարկելու համար:
Գաղափարը վաղուց էր խմորվում, սակայն նորմատիվ իրավական բազան հիմա է առկա ու ստանում է պրակտիկ կիրառություն՝ ասաց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարը:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Հիմնական տարբերակները մշակվել են այնպես, որ ուղղությունները միջմարզային, որոնք եկամտամբեր են, լոտով դրվեն մրցույթի այն ուղղությունների հետ, որոնք պակաս եկամտաբեր են, որոշ ուղղություններ էլ մի քիչ բացասական սալտոյով են եկամուտ տալիս, բայց ընդհանուր այդ մոդելի մեջ եկամտաբեր են:
Տարբերակները դեռևս քննարկվում են, բայց Կառավարությունը չի բացառում, որ մի քանի մարզ կարող է սպասարկվել մեկ ընկերության կողմից, կարևորը՝ համապատասխանի չափանիշներին՝ ունենա նոր շարժակազմ և բոլոր բնակավայրերն ապահովի տրանսպորտով: Նոր ներդրվող համակարգով մրցույթը շահած ընկերությունը պետք է մարզի խոշոր համայնքների, այլ մարզերի ու Երևանի հետ ապահովի կանոնավոր ուղևորափոխադրում: Փոխնախարարը տրանսպորտային մոդելը համեմատում է օդային փոխադրումների գործող ձևաչափի հետ:
Արմեն Սիմոնյան - Երբ տարբեր ավիաընկերություններ, ունենալով բազա ինչ-որ քաղաքում, բերում են տրանզիտ ուղևորներ, կուտակում են իքս կետում և այդ կետից տանում են այլ կետեր՝ դրանով ապահովելով օդանավի բեռնվածությունը: Որոշ տեղեր կհասնեն մի կետ, որից կլինի դեպի Երևան, որոշ տեղեր անմիջապես կլինի Երևան:
Մինչև 2022 թվականի տարեվերջ բոլոր մարզերում պետք է մրցույթներ հայտարարվեն: Կոտայքի ու Արմավիրի մարզերում մրցույթներն արդեն կայացել են: Կոտայքում հաղթել է միակ մասնակիցը՝ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը, որը սպասարկել է Երևան-Հրազդան, Գետաշեն-Ակունք-Երևան, Արգել-Նոր Հաճն-Երևան, Երևան-Բյուրեղավան-Նուռնուս և այլ երթուղիներ:
Արմեն Սիմոնյան - Ըստ մրցույթի պայմանների՝ պետք է ներկայացվեր 150 տրանսպորտային միջոց՝ ավտոբուս ու միկրոավտոբուս, ներկայացվել է 40 ավտոբուս 22+1 նստատեղերի քանակով, 30 ավտոբուս՝ 8 մետրից մի քիչ ավելի՝ 24+1 նստատեղերի քանակով, 80 միկրոավտոբուս՝ 16+1 տեղաքանակով: Մեծ ավտոբուսները հիմնականում ծառայելու են միջմարզային մեծ քաղաքների միջև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
«Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն կատարելու է 3.75 մլրդ դրամի ներդրում: Սակագների հետ կապված վերջնական որոշում դեռ չկա:
Արմեն Սիմոնյան - Այն սակագները, որոնք ներկայացվել են, մենք հիմա ուսումնասիրում ենք, և համապատասխան նախարարի հրամանով կհաստատվի: Ասեմ, որ տարբեր տեղեր միջինում 10-15 բարձր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ ներդրում է իրականացվելու, նոր տրանսպորտային միջոցներ են ներդրվելու: Բայց ըմբռնում կա կազմակերպության կողմից, որ գների բարձրացումը պետք է իրականացվի փուլային տարբերակով: Կարծում եմ՝ այս տարբերակով էլ կշարժվենք:
Ի՞նչ կլինի այսօր գործող երթուղիների հետ, օրինակ՝ Երևան-Աբովյան, Երևան-Հրազդան, Վանաձոր-Երևան և այլն, արդյոք կշարունակե՞ն զուգահեռ գործել, փոխնախարարը նշեց, թե սպասարկող ընկերությունների լիցենզիաների ժամկետները հիմնականում ավարտվել են:
Արմեն Սիմոնյան - Մրցույթները 2016-2017 թվականներից չեն հայտարարվել, և Կոտայքի մարզում բոլոր սպասարկող կազմակերպությունների ժամկետներն ավարտվել են, բոլոր սպասարկողներն այս պահի դրությամբ ունեն ժամանակավոր սպասարկման իրավունք մինչև մրցույթով հայտարարված կազմակերպության ընտրությունը, փոխադրող չկա, որը տեղյակ չէ այդ մոդելի մասին:
Արմավիրի մարզում մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, հաղթողը կորոշվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Գործադիրի ներկայացուցիչները նաև գիտեն, այսպես ասած՝ գծատերերը կարող են դժգոհել ներդրվող համակարգից, սակայն որոշումը վերջնական է:
Արմեն Սիմոնյան - Պարզ է, որ կան ընկերություններ, որոնք դեմ են այս գաղափարին, դա կարող է ունենալ երկու պատճառ՝ կա՛մ չեն հավատում այս մոդելին, կա՛մ չեն ուզում հավատալ, քանի որ կա սեփական շահ, որ իրենք ժամանակավոր աշխատում են ու հիմնականում հին շարժասարքերով:
Իշխանությունները հույս ունեն՝ մրցույթներին մասնակցող ընկերություններն աշխատանքի կվերցնեն արդեն իսկ տարբեր երթուղիներում աշխատող վարորդներին ու սպասարկող անձնակազմին, որ գործող մասնագետներն առանց աշխատանքի չմնան:
Հեղինակ՝ Անի Օհանյան