Լիբիայի ճգնաժամի կարգավորման հարցով Փարիզում մեկնարկել է միջազգային համաժողով, որն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ։ Համաժողովն անցկացվում է աֆրիկյան պետությունում նախագահի ընտրության նախաշեմին: Այն տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Լիբիայի, Գերմանիայի և Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահը: Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը կիրառելու պատժամիջոցներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կխաչընդոտեն ընտրական գործընթացը Լիբիայում: Քննարկման հիմնական թեմաներից է եղել նաև Լիբիայից օտարերկրյա վարձկանների դուրսբերման հարցը: Համաժողովի շրջանակում արդեն հանդիպել են Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային, Աֆղանստանին, Իրանին և Լիբիային վերաբերող հարցեր: Մյուս թեմաների թվում են՝ մերձավորարևելյան կարգավորումը, իրադրությունն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իրադրությունն Աֆրիկայում, ներառյալ անվտանգության ապահովումը Սահարա-Սահելյան տարածաշրջանում և իրադրությունը ԼՂ հակամարտության գոտում:
*****
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։ Վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնումը և հորատումը՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Հյուսիսային Կիպրոսի կողմից:
*****
Եվրոպայում կորնավիրուսի տարածման ակտիվ ալիքի ֆոնին՝ եվրոպական մի շարք երկրներ նոր սահմանափակումներ են մտցրել: Նիդերլանդների կառավարությունը նախատեսում է մասնակի լոքդաունի անցում: Մեկ օրում երկրում կորոնավիրուսի ավելի քան 16 հազար նոր դեպք է գրանցվել: Սահմանափակումներ են սպասվում նաև Դանիայում: Առանց պատվաստման հավաստագրի հնարավոր չի լինի այցելել հանրային վայրեր: Նոր դեպքերի շարունակական աճ է գրանցվում նաև Գերմանիայում։ Վաղն արդեն երկրում կրկին COVID-19-ի անվճար թեստեր կբաժանվեն։
*****
Ամբողջական պատվաստում ստացած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճամփորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ Շվեդական կառավարության ընդունած նոր որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: Օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովը որոշում էր ընդունել, համաձայն որի կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին: