Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը:
«Առաջին հերթին՝ ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մեծ հույսերով էինք խաղադաշտ մտել, սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց: Արագ գոլ բաց թողեցինք, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի վրա:
Հանդիպումից հետո հեշտ է խոսել ու ասել, որ կարելի էր այլ կազմ ընտրել։ Հավաքականի նորեկների մեղքը մեծ չէ այս պարտությունում, պարզապես մրցակիցը լավ հանդես եկավ, Հայաստանի հավաքականը` ոչ: Այժմ պետք վերլուծենք այս հանդիպումն ու ինքնաքննադատությամբ զբաղվենք»,- ասել է Կապառոսը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: