Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:
Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս է հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանատեսակների օգտագործումը կրկեսներում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:
«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:
Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը: