ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու և հետևողականության հարցերում:
Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները և այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանն ու միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն ուղղված թեմաներին:
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են:
Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է:
Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը: