ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել օտարերկրյա պատվիրակությունների՝ Դամասկոս այցերի կապակցությամբ և ամերիկացի դաշնակիցներին կոչ է արել հրաժարվել Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունները կարգավորելու փորձերից, հայտնում է РИА Новости-ն։
ԱՄՆ-ին անհանգստացնում է այն փաստը, որ արաբական որոշ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Դամասկոս: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդուլլահ բեն Զայիդ ալ Նահայանի՝ վերջերս Սիրիա կատարած այցին։
«Մենք չենք աջակցում կարգավորմանը և ուզում ենք ընդգծել, որ մեր ընկերներն ու գործընկերները պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ ազդանշաններ են տալիս այդ այցերն ու հանդիպումները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ի դեպ, նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել էր Անկարայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիրը՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական գործողության հետ։