ԱՄԷ
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ 2020»-Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
Ավելի քան 5 հազար տարվա քաղաքակրթություն, որը պսակված է բարձրագույն տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներով. ահա թե ինչպես է Չինաստանը որոշել աչքի ընկնել «Դուբայ Էքսպո 2020»-ի ժամանակ: Ռոբոտ-պանդան «Չինաստանի լույսը» կոչվող չինական տաղավարի այցելուներին դիմավորել է ձեռքսեղմումով և շատ գեղեցիկ պար է ցուցադրել չինական երաժշտության ուղեկցությամբ:
Ֆանգ Կե (չինական տաղավարի տնօրեն) - Այստեղ գլխավոր հերոսը պանդան է, քանի որ մի կողմից այն Չինաստանի այցեքարտն է, իսկ մյուս կողմից՝ ներկայացված է բարձրագույն տեխնոլոգիաների նմուշի տեսքով՝ ռոբոտ է: Մարդիկ նրան շատ կհավանեն: Չինաստանի տաղավարի թեման մարդկության, նորարարության և հնարավորությունների ընդհանուր ապագա ունեցող համայնք կառուցելն է:
Ավանդական չինական կարմիր լապտերի նմանությամբ ձևավորված եռահարկ տաղավարը, որը, ի դեպ, էքսպոյի ամենամեծ տաղավարներից է, մոտ 4600 քմ տարածք է զբաղեցնում: Այն մարդկանց հնարավորություն է ընձեռում տեսնելու ապագան:
Դուբայը, որը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության, առևտրի և բիզնեսի հանգույցներից մեկն է, այս միջոցառման շնորհիվ հույս ունի խթանելու իր տնտեսությունը և ակնկալում է ավելի քան 25 մլն այցելուի տեսնել համաշխարհային այս տոնավաճառում: Այն մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
ԲԵԼԳԻԱ
ՀՈԼՈՔՈՍՏԸ ՎԵՐԱՊՐԱԾ 90-ԱՄՅԱ ԲԵԼԳԻԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Բելգիայում գտնվող հին գործարանում Հոլոքոստը վերապրած Սիմոն Գրոնովսկին նշել է իր առաջիկա ծննդյան 90-ամյա տարեդարձը՝ խաղալով իր կյանքի թեմայով բեմադրված օպերային ներկայացման մեջ: Դա մի պատմություն է սիրո, հավատքի, ներել կարողանալու և մութ ողբերգությունը հաղթահարելու մասին:
Գրոնովսկին 11 տարեկան էր և ապրում էր Բրյուսելում, երբ 1943 թվականին նացիստները նրան, մորը և քրոջը նստեցրել են Օսվենցիմ գնացող գնացքը: Այն, ինչպես հայտնի է, մահապատժի տխրահռչակ ճամբարն էր, որը նացիստները գրավել էին Լեհաստանում:
Գնացքը բելգիացի ապստամբները կարճ ժամանակով կանգնեցրել են Բրյուսելից 30 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրում, որտեղ էլ տղային հաջողվել է ցած նետվել գնացքից և փրկվել: Իր անցյալի մասին տասնամյակներ լռելուց հետո Գրոնովսկին 2000-ականներին որոշել է հուշեր գրել: Նա ասում է, որ իր պատմությունը ոչ թե տխրության, այլ հույսի և երջանկության մասին է: Բրիտանացի կոմպոզիտոր Հովարդ Մուդին այնքան է ոգեշնչվել Գրոնովսկու պատմությամբ, որ որոշել է օպերա գրել դրա հիման վրա:
Հովարդ Մուդի (կոմպոզիտոր) - Մի անգամ նա ինձ ասաց, որ իր կյանքը միայն հրաշք չի եղել: Դա ինձ շատ դուր եկավ և մտորելու առիթ տվեց: Որոշեցի ու Գրոնովսկուն խոստացա օպերա գրել նրա կյանքի պատմության մասին:
Ստեղծագործությունը վերնագրված է «Հրում», այն մի քանի անգամ խաղացել են Բելգիայում և Մեծ Բրիտանիայում: Գրոնովսկին օպերայում ինքն իր դերն է խաղում: Օպերան ցուցադրվել է կահույքի մի հին գործարանում, որի մոտ էլ սրանից մոտ 80 տարի առաջ Գրոնովսկին ցատկել էր գնացքից ու փրկվել:
ՖՐԱՆՍԻԱ
ՄՈՆՄԱՐՏՐԻ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ
Ավելի քան 90 տարվա փարիզյան ավանդույթ է. Ֆրանսիայի մայրաքաղաքի խաղողի ամենամեծ այգին տոնում է խաղողի մթերման սեզոնը: Մոնմարտրի խաղողի այգին ավելի քան 1500 քմ տարածք է զբաղեցնում, այստեղ 1700-ից ավելի խաղողի վազ է աճում: Խաղողի այգու աշխատակից Վինսեն Բոլենորն ասել է, որ խաղողի հիմնական բերքահավաքից առաջ իրենք 731 կգ խաղող են հավաքել՝ տեղական կարմիր գինի պատրաստելու համար: Նրա խոսքով՝ չնայած հորդառատ անձրևներին և սառնամանիքին, խաղողի բավականին առատ բերք են ստացել: Բոլենորը վստահեցրել է, որ «Պինո» և «Գամեյ» տեսակի խաղողների խառնուրդից Մոնմարտրի հրաշալի և թեթև գինի է ստացվում:
Վինսեն Բոլենոր (խաղողի այգու աշխատակից) - Մոնմարտրի գինին ոչ մի ուրիշ տեղի գինու հետ չես համեմատի: Մենք շարունակում ենք բացառիկ մնալ: Չենք կարող մեր գինին համեմատել այլ խաղողի տեսակների խաչասերումներից ստացված ըմպելիքի հետ:
Մոնմարտրի գինու հեղինակներն այնքան են հիացած իրենց ստեղծագործությամբ, որ նույնիսկ ցանկանում են, որ այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Տարբեր ձևերի և գույների օդապարիկներ են պտտվել Հորդանանի հայտնի Վադի Ռամ անապատի երկնքում: Սա տեսակի մեջ առաջին փառատոնն է Թագավորությունում: Երկնքի լազուրում՝ անապատի վերևում, շատերին են տեսանելի օդապարիկները: Բոլորն էլ հիացած են տեսարանով: Միջոցառման կազմակերպիչները լիահույս են նման նախաձեռնություններով զարկ տալ Հորդանանի զբոսաշրջությանը, հատկապես կորոնավիրուսի համավարակի դաժան հարվածից հետո:
Ահմադ Աբու Ռիջա (օդապարիկների փառատոնի համահիմնադիր) - Փառատոնի նպատակն է ստեղծել զբոսաշրջային այնպիսի արտադրանք, որը կարող է խթանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմը:
Զբոսաշրջիկները կարող են իջևանել մոտակայքում գտնվող ճամբարներում: Հորդանանի վայրի բնության մեջ, ավազի վրա, անապատային լեռների հարևանությամբ գիշերելու բացառիկ հնարավորություն է սա: Կազմակերպիչները նախապես հայտարարել էին հատուկ միջոցառումների մասին Հորդանանի «ոսկե եռանկյունու» համար, որը ներառում է այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են հինավուրց Պետրան, Վադի Ռամը և Խաչակրաց ամրոցները՝ փակելով տարածքը բոլորի համար, բացի նրանցից, ովքեր պատվաստվել են Քովիդ-19-ի դեմ:
ՍԻՐԻԱ
ԱՐՎԵՍՏԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՎԵՐՔԵՐԸ
Սիրիացի դեղագործ Դիալա Դախիլը երկու տարի շարունակ խուսափել է զբաղվել իր սիրած գործով, սակայն, ի վերջո, հաղթահարել է վախերն ու սկսել է նորից նկարչության միջոցով ինքնաբուժվել: Հոմսի 25-ամյա բնակչուհին բացել է «Անցում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին միացել է սիրիացի ևս 74 նկարիչ: Նրանց բոլորի աշխատանքները ներկայացնում են այն ճանապարհն ու փորձությունը, որի միջով անցել են արվեստագետները պատերազմի տարիներին:
Դախիլը կերպարվեստի նկատմամբ սերը ժառանգել է հորից, նրանից է նկարել սովորել: Հորը, սակայն 2013 թվականին առևանգել են, և մինչև օրս ընտանիքը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Դիալա Դախիլ (նկարչուհի) - Ես վախեցա, որ կարող եմ մոռանալ հորս դիմագծերը: Ահա թե ինչու, որոշեցի նկարել նրան: Հուզական առումով, սակայն, շատ դժվար էր նկարել հորս, որից սովորել եմ սիրել արվեստը: Այս ցուցահանդեսի շնորհիվ, սակայն, ես համարձակվեցի առերեսվել իմ զգացմունքների հետ: Առաջին անգամ էր, որ կարողացա արտահայտել այն ամենն, ինչ զգացել եմ, ինչ տեսել եմ այդ ճգնաժամի ժամանակ:
Ցուցահանդեսի մասնակից յուրաքանչյուր նկարիչ պատերազմի տարիներին ունեցած հույզերն ու ապրումները ներկայացնելու իր ուրույն միջոցն է ընտրել: Սակայն բոլորի մոտ մեկ ընդհանուր բան կա:
Ցուցահանդեսի այցելուները վստահեցնում են, որ այնպիսի տպավորություն է, ասես, սա մի մեծ ու բարձր պատուհան լինի, որից երևում է լուսավոր երկինքը, որին նայում են նույնիսկ ամենամութ սենյակում նստած մարդիկ ու լիցքավորվում դրական էներգիայով:
ՈՒԿՐԱԻՆԱ
«ԼԱՑԻ ԲՅՈՒՐԵՂՅԱ ՊԱՏ»` ԶՈՀՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Աշխարհահռչակ արվետագետ Մարինա Աբրամովիչն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Բաբի Յար կոչվող կիրճում պատրաստել է «Լացի բյուրեղյա պատ» կոչվող հուշակոթողը, որով հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի ժամանակ զոհված հրեաների հիշատակին: Սա Երուսաղեմի հայտնի «Լացի պատի» կրկնօրինակն է, որը, սակայն, ավելի մեծ է և խորհրդանշական: 74-ամյա Աբրամովիչը վստահեցրել է, որ արվեստի այս գործն ավելի շատ «բուժվելու պատ» է:
Մարինա Աբրամովիչ (արվեստագետ) - Ինձ դուր չեն գալիս այնպիսի հուշակոթողները, որոնք հսկայական են, պետք է կանգնես և հեռվից պարզապես դրանց նայես: Իմ հեղինակած հուշարձանին կարելի է մոտենալ, ձեռք տալ, շոշափել, փոխազդեցության մեջ լինել դրա հետ, առերեսվել սեփական անձի և հիշողության հետ:
Աբրամովիչը պատմում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հրեաների կոտորածի մասին իմացել է դեռ մանկության տարիներից, ծնողներից ու դպրոցից լսել է տարբեր պատմություններ, նաև շատ ֆիլմեր է դիտել այդ թեմայով:
Իր ստեղծագործության համար որպես նյութ ընտրել է Ուկրաինայի հանքերից ստացված անտրացիտն ու Բրազիլիայից բերված քվարցային բյուրեղները: Աբրամովիչն ասում է, որ արվեստի այս գործը յուրօրինակ հիշեցում է մարդկությանը, որ հարկավոր է վերջ դնել պատերազմներին: «Լացի բյուրեղյա պատի» բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի, Իսրայելի և Գերմանիայի նախագահները:
ՍԻՐԻԱ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆՉՅՈՒՐՆՆԵՐՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ
Սիրիացի արհեստավոր Աբդուլա Սուֆիան, հիացած լինելով դիջերիդու և ուդու երաժշտական գործիքներով, սկսել է պատրաստել դրանցից և փորձել դրանցով արևելյան երաժշտություն նվագել:
Դիջերիդուն փողային գործիք է, որի հեղինակներն Ավստրալիայի աբորիգեններն են: Երբ Սուֆիան տեսել է, թե ինչպես է այն նվագում հույն հայտնի երաժիշտ Յաննին, որոշել է, որ պետք է գնի այդ գործիքից: Սակայն պարզելով, որ չափազանց թանկ է, և չի կարող իրեն թույլ տալ գնել դիջերիդու, շնորհաշատ արհեստավորն ինքնուրույն է պատրաստել դրանից, իհարkե 3 ամիս մի լավ չարչարվելուց հետո միայն:
Աբդուլլա Սուֆիա (արհեստագործ) - Ես համացանցով ուսումնասիրեցի դիջերիդուն և պարզեցի, որ դրանից Եվրոպայում վաճառում են: Սակայն իմացա, որ այն շատ թանկ է: Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում ենք ապրում, հասկացա, որ դրանից չեմ կարող ձեռք բերել: Ահա թե ինչու, որոշեցի ինքս պատրաստել:
Հետագայում անոթաձև կերամիկական թմբուկ էլ է պատրաստել: Այն կոչվում է ուդու: Այն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի: Երաժշտական այդ գործիքի հայրենիքը Նիգերիան է: Երբ երաժշտական գործիքները պատրաստ են լինում, Սուֆիան սկսում է կենդանի համերգներ կազմակերպել հին Դամասկոսում: Իր խոսքով, այս կերպ ցանկանում է արտասահմանյան օտար մշակույթը համադրել սիրիականի հետ:
ԱՄԷ
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ «ԴԱՎԻԹԸ»` ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
«Դուբայ Էքսպո 2020»-ի հյուրերը, այցելելով Իտալիայի տաղավար, հույս ունեին տեսնել Միքելանջելոյի հայտնի ստեղծագործության` «Դավիթի» արձանի եռաչափ երկվորյակին` իր ամբողջ հմայքով: Սակայն ցուցահանդեսի այցելուները մի փոքր հիասթափություն են ապրել, երբ տեսել են այն: Հանրության համար տեսանելի է արձանի միայն գլուխը, իսկ մարմնի մնացած հատվածը հմտորեն քողարկված է: Իտալական լրատվամիջոցներն այս դեպքը որակել են ինքնագրաքննություն:
Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի արձաններից մեկի կնկնօրինակի 6 մետրանոց հասակից միայն գլուխն ու պարանոցն է երևում: Իսկ ներքևի հատվածը տեսանելի է միայն ցուցահանդեսի հատուկ ընտրված հյուրերին:
Մինչդեռ ցուցահանդեսի իտալական տաղավարի կազմակերպիչները հերքել են լրատվամիջոցների ներկայացուցիչների այն պնդումները, թե միտումնավոր են փորձել կոծկել արձանի ներքևի հատվածը` հաշվի առնելով արաբական աշխարհի կրոնական և սոցիալական զգացմունքայնությունը: Արձանի հեղինակները պնդում են, որ իրենց նպատակն է եղել այնպես անել, որ այցելուները Դավիթի աչքերին և դեմքին նայելու հնարավորություն ունենան: Մարդիկ էլ, կարծես թե, ըմբռնել ու ընդունել են հեղինակների մտադրությունը:
Սոֆի Լեստրատ (Էքսպոյի այցելու) - Արձանն այսպիսին շատ լավն է, մնացածը մենք կարող ենք երևակայել: Չգիտենք, թե ներքևում ինչ կարող ենք տեսնել:
Օգտագործելով աշխարհի ամենամեծ եռաչափ տպիչներից մեկը, Դավիթի արձանի հեղինակենրը 40 ժամ են ծախսել` այն կյանքի կոչելու և 16-րդ դարի մարմարե արձանի կնկնօրինակը ստեղծելու համար:
ԻՍՊԱՆԻԱ
ՄԵԾ ԴԱՇՆԱՄՈՒՐՆԵՐ՝ ՄԱԴՐԻԴԻ ՍՐՏՈՒՄ
Իսպանիայի Հիսուս Սերա հիմնադրամի նախաձեռնությամբ, տասը հսկա դաշնամուր է տեղադրվել կենտրոնական Մադրիդի տեսարժան վայրերում: Նպատակն է երաժշտությունն ավելի մոտեցնել մարդկանց: Մեծ դաշնամուրներ են տեղադրվել Պրադոյի թանգարանի բակում, Իսպանիայի խորհրդարանի հարևանությամբ, և այլուր: Սովորաբար նման դաշնամուրների կարելի է հանդիպել կա'մ հայտնի համերգրասրահներ այցելելիս, կա'մ կոնսերվատորիաներում: Մինչդեռ այս դաշնամուրները կարող են նվագել բոլոր ցանկացողները, որոնք այդ պահին քաղաքի տվյալ մասով անցնելիս են լինում:
Իրինա Պաստեմնակ (դաշնամուրի ուսուցչուհի) - Շատ հաճելի մթնոլորտ է: Ցանկացած դաշնակահար, որը նստում է այս դաշնամուրների առջև, միանգամայն այլ զգացողություն է ունենում: Փակ դասասենյակում ակուստիկան լրիվ այլ է, իսկ նման միջավայրում, որտեղ աղմուկը կլանում է բոլոր ձայները, դաշնամուրի հնչողությունը բոլորովին ուրիշ է, հանդիսատեսն էլ ավելի հանդուրժող է դառնում:
Այս նախաձեռնության խորագիրն է «Ձեր քաղաքը լցված է դաշնամուրներով»: Նպատակն է քաղաքացիների մասնակցությամբ խթանել համընդհանուր սերը երաժշտության նկատմամբ և օգնել այն մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ համերգասրահներ այցելել ու վայելել երաժշտական անգին գոհարներ: