Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ստուգայցն այսօր քաղաքի կենտրոնում էր: Տեսուչները մանրամեծածախ առևտրի կենտրոններ, շինարարական ու ապահովագրական կազմակերպություններ մտան, խախտումներ հայտնաբերելիս արձանագրություն կազմեցին: «Թվերը նվազել են, բայց դա չի նշանակում, որ վերահսկողությունը պետք է թուլացնել»,- ասում են տեսչականի մասնագետները:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Մոտ 4200 ստուգայց է իրականացվել վերջին մոտ մեկ ամսում, արձանագրվել է 220 խախտում: Առավել շատ խախտումներ արձանագրվում են մանրամեծածախ առևտրի կետերում, որտեղ մարդկային կուտակումներն են շատ լինում, դիմակներ կրելու պահանջն է խախտվում հիմնականում:
Համաճարակային իրավիճակը շարունակում է Հայաստանում լարված մնալ: Եվ դա է պատճառը, որ տնտեսվարողները պետք է արտակարգ պայմաններում աշխատեն: ԱԱՏՄ տեսուչները նրանց հորդորում են՝ աշխատանքն իրականացնելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս ապահովագրական կազմակերպությունում մասնագետներն առաջին անգամ չէին. ամռանը նախազգուշացում էին տվել, այս անգամ այցելել էին այլ պահանջով:
Շուշանիկ Սուքիասյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Եթե պատվաստման առաջին դեղաչափը ստացել ա և սպասում են երկրորդին, ու առաջինի և երկրորդի միջև ընկած ժամանակահատվածը անցնում ա սահմանված ժամանակից, պետք ա տնտեսվարողն էդ աշխատակցի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը ներկայացնի: Կան կազմակերպություններ, որ էդ ժամկետն անցնում ա, բայց ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը չեն ներկայացնում:
Տեսչականի մասնագետները արձանագրում են՝ թեև քաղաքացիներից շատերն արդեն դիմակով են, բայց դա չի նշանակում, որ այլ խնդիրներ չկան: Վերջին 10 օրում արձանագրությունների մեծ մասը կապված է եղել թեստավորման և պատվաստման հավաստագրերի հետ: Տնտեսվարողը դրանք կա՛մ չի ներկայացրել, կա՛մ էլ աշխատակցի տվյալներն է փորձել թաքցնել: Ըստ ԱԱՏՄ մասնագետների՝ իրավիճակը մտահոգիչ է...