Բաքուն խոչընդոտում է պայմանավորվածությունների իրականացումը. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Ի դեպ, փոխվարչապետ Գրիգորյանից առաջ ելույթ ունեցող Ադրբեջանի վարչապետը հայկական կողմի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, թե մերոնք իբրև զանգվածային ավերածություններ են արել Արցախում, պղծել մզկիթներ, հրաժարվել փոխանցել ականազերծված դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Մհեր Գրիգորյանն արձանագրեց պատերազմի իրական հետևանքները:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ ու ենթակառուցվածք։ Սպանվել և վիրավորվել է մի քանի հազար մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ։ Շատերի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պայմանավորվածությունների իրականացումը: Ադրբեջանում գերության մեջ են պահվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, որը ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Խեղաթյուրելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքով։
ԱՐՑԱԽԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ՈՒԺՈՎ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ գտնելու ռուսական կողմի տրամադրվածությունը մեր երկրի վարչապետին էր ներկայացրել նաև Երևան այցելած Ռուսաստանի փոխվարչապետը: Նոյեմբերի 5-ին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ապագայում ապաշրջափակվող ճանապարհները համարվելու են այն երկրի ինքնիշխանության գոտի, որի տարածքով անցնելու են: Կոնկրետ լուծումների համար Բաքվի կողմից ևս իրական ցանկություն է պետք. ԱՊՀ նիստին հիմնավորեց Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան - Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ թևակոխելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի: Բաքուն պետք է հրաժարվի ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։
Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ Գրիգորյանը բարձր գնահատեց պատերազմի դադարեցման հարցում Ռուսաստանի դերը, արցախա-ադրբեջանական սահմանին ու Լաչինի միջանցքում խաղաղապահ զորակազմի ներկայությունը: