Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների Խորհրդի հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։
«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքների՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծված է, որ ըստ պատժամիջոցների՝ արգելվում է ԵՄ սև ցուցակում հայտնված անձանց մուտքը Միություն, և սառեցվում են նրանց ակտիվները եվրոպական բանկերում: Այժմ ԵՄ սև ցուցակում ընդգրկված է Թուրքիայի երկու քաղաքացի, սակայն ապօրինի հորատման աշխատանքների շարունակման դեպքում ցանկը կարող է ընդլայնվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ ԵՄ-ն իրավունք չունի քննադատելու երկրի երկրաբանահետախուզական գործունեությունը։
Վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել է էներգետիկ ռեսուրսների որոնում և հորատում իրականացնել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից: