Իրաքյան Քրդստանի կառավարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է միգրանտներին Եվրոպայի դեմ օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է Քրդստանի կառավարության ներկայացուցիչ Ջոթիար Ադիլը, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը։
«Լեհաստան-Բելառուս սահմանին 16000-17000 մարդ կա կուտակված, որից 7500-8000-ը Քրդստանի բնակիչներ են, նրանց 80 տոկոսը՝ իրաքյան քրդեր... Ցավոք, Բելառուսը լավ է պատրաստվել այդ մարդկանց Եվրամիության դեմ որպես քաղաքական հաղթաթուղթ օգտագործելու հարցում: Քրդստանի ժողովուրդը պետք է լավ գիտակցի, որ միգրացիայի խնդիրն այդ շրջանում ոչ մի հետևանք չի ունենա, քանի որ դա ընդամենը քաղաքական ճնշում է»։
Պաշտոնյան նշել է նաև այն պատճառները, որոնցով իրաքյան քրդերը Բելառուսով մեկնում են Եվրոպա։ Դա գործազրկությունն է և վտանգավոր իրավիճակը Իրաքյան Քրդստանի որոշ շրջաններում՝ մի տեղ իշխում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, մեկ այլ հատվածում ակտիվ է թուրքական զինուժը:
Իրաքի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ իրաքցիների հետագա միգրացիան կանխելու համար կառավարությունը դադարեցրել է Բաղդադում Բելառուսի դեսպանատան աշխատանքը։