Կապան քաղաքի Շահումյան 2 հասցեում աշունն ընթանում է շինարարական ակտիվ աշխատանքներով: Սուրեն Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է, 3 տարի է՝ Կապանում է աշխատում:
Սա Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է: 2019 թ. մինչ օրս իրականացվել է մեկ տասնյակից ավելի ծրագիր: Այս պահին ընթացքի մեջ է բազմաբնակարան բնակելի շենքերի 16 հարթ և 9 լանջավոր տանիքների վերանորոգումը:
Միայն Կապան համայնքում 2019-2021 թվականներին իրականացվել է 4.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 2,5 մլրդը տրամադրել է Կառավարությունը: Օրինակ՝ 2019 թ. համայնքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգման ծրագրի արժեքը 212.402.200 դրամ է կազմել, որից պետության մասնաբաժինը կազմել է 60 տոկոս, այսինքն՝ 127.441.300 դրամ:
2020 թ. իրականացվող սուբվենցիոն ծրագրերի քանակն ու շրջանակն ընդլայնվել են՝ բազմաբնակարան շենքերի նորոգումից մինչև ոռոգման համակարգի վերակառուցում:
Նարեկ Բաբայան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - 2020 թ. ունեցանք 6 սուբվենցիոն ծրագիր, ցավոք, պատերազմի ու համաճարակի պատճառով մեկն ավարտեցինք, մյուսներն այս տարի են ավարտվելու:
Մյուս ծրագրերի դեպքում ևս պետական բյուջեից ֆինանսավորման մասնաբաժինը կազմել է հիմնականում 50 տոկոսից ավելին:
Մեքենասարքավորումներ՝ ծրագրի արժեքը 59.800.000 դրամ, պետության մասնաբաժինը՝ 55 տոկոս՝ 32.890.000 դրամ.
Բազմաբնակարան շենքեր՝ ծրագրի արժեքը 240.651.538 դրամ, պետության մասնաբաժինը՝ 65 տոկոս՝ 156.423.499.7 դրամ,
Հասարակական շենքեր՝ ծրագրի արժեքը՝ 265.952.388 դրամ, պետության մասնաբաժինը՝ 45 տոկոս՝ 119.678.574.6 դրամ.
Մանկապարտեզներ՝ ծրագրի արժեքը՝ 227.394.628 դրամ, պետության մասնաբաժինը՝ 65 տոկոս՝ 147.806.508.2 դրամ.
Ջրամատակարարում, ջրահեռացում՝ ծրագրի արժեքը՝ 211.774.610 դրամ, պետության մասնաբաժինը՝ 70 տոկոս՝ 148.242.227 դրամ.
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ՝ ծրագրի արժեքը՝ 961.782.456 դրամ, պետության մասնաբաժինը՝ 60 տոկոս՝ 577.069.473.6 դրամ:
2021 թ. Կապան համայնքը 5 սուբվենցիոն ծրագրով է դիմել Կառավարություն, ծրագրերն արդեն հաստատվել են, որոշ ծրագրեր՝ մեկնարկել: Ծրագրերից մեկով Կառավարությունը 70 տոկոս համաֆինանսավորմամբ կլուծի սահմանամերձ բնակավայրերի ջրամատակարարման խնդիրները, որ բոլոր գյուղական բնակավայրերն ապահովված լինեն խմելու և ոռոգման ջրով: Մարզպետարանն էլ, իր հերթին, խիստ վերահսկողություն է իրականացնում, որ ծրագրերը որակյալ և ժամկետներում կատարվեն: Աշխատանքային խմբերի ղեկավարները վստահեցնում են՝ միակ խանգարող համգամանքը կարող է լինել եղանակը:
Սա արդեն Կապան համայնքի Ձորք թաղամասն է, այստեղ հիմնովին նորոգվում են փողոցներն ու մայթերը: Եղանակային պայմաններն էլ չեն վնասի Կապանի արվեստի թանգարանում պահվող նմուշները: Այն ևս սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է:
Փոխվել է նաև ջեռուցման և օդափոխման համակարգը, որ անհրաժեշտ պայմաններում պահպանվեն արվեստի գործերը: Ի դեպ, սա միակ հասարակական նշանակության շենքը չէ, որ ընդգրկված է այդ ծրագրերում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան