Հայաստանի պետական գերատեսչությունների ֆինանսատնտեսական հատվածի մասնագետներն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի հետ գործակցության արդյունքում մասնագիտական նոր հմտություններ են ձեռք բերում:
Մի շարք ուղղություններով մեր մասնագետները հնարավորություն են ստանում իրենց մասնագիտական կարողությունները բարձրացնելու թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում՝ ռուսական կողմի միջոցներով:
Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆինանսների նախարարի և Ռուսաստանի գործընկեր նախարարության՝ գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի փորձագետների մասնակցությամբ, որը գլխավորում էր ինստիտուտի մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը:
Արմեն Գևորգյան (ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական) - Ծրագիրն ուղղված է միջազգային փորձը հավաքելու և փոխանցելու և հատկապես խորացնելու և խորանալու այն ուղղություններում, ինչը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Նախարարի խորհրդականի կարծիքով՝ գործակցությունն առաջին հերթին հնարավորություն է տալիս հասկանալու աշխարհում այլ ֆինանսների նախարարությունների փորձը:
Արմեն Գևորգյան - Մենք ձգտում ենք նրան, որ հանրությունը, ժողովուրդը տեղյակ լինեն՝ ամեն մի հավաքված միջոցները ո՞ւր են ծախսվում, ինչի՞ են հատկապես էստեղ ծախսվում, ոչ թե մյուս տեղը:
Հայկական կողմին հատկապես հետաքրքրում է ինչպես ավելի նպաստավոր դարձնել դաշտը ներդրողների համար, հեշտացնել միկրոձեռնարկատերերի աշխատանքը պետական կառույցների հետ:
Սամվել Լազարյան (ՌԴ ՖՆ գիտահետազոտական ինստիտուտի մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար) - Մենք արդեն բավականին լավ արդյունքներ ունենք, որոնց կարողացանք հասնել Հայաստանի ֆինանսների նախարարության գործընկերների հետ։ Հաշվի առնելով նախորդ տարի Հայաստանում եղած երկու ճգնաժամերը՝ կարծում ենք, որ այս գործակցությունը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության վերականգնմանը, այնպես էլ երկկողմ շփումների ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան