Սեուլում ամերիկացի դիվանագետը երթևեկության գծի փոփոխության ժամանակ մեքենայով բախվել է առջևից ընթացող տաքսուն և, հեռանալով դեպքի վայրից, թաքնվել է ոստիկանությունից ԱՄՆ-ի ռազմաբազայում՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավտովթարից հետո տաքսու վարորդը հետևել է դիվանագետի ավտոմեքենային մինչև Սեուլի Յոնսան շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայան: Այնտեղ է ժամանել նաև ոստիկանությունը, սակայն դիվանագետը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, հրաժարվել է ոստիկանության պահանջով բացել ավտոմեքենայի պատուհանը, ինչպես նաև թեստ անցնել՝ հարբածության աստիճանը որոշելու համար:
Yonhap գործակալության տվյալով՝ դիվանագետի մեքենայում եղել է ևս երեք մարդ:
Սեուլում ամերիկյան ռազմաբազան փակ է Հարավային Կորեայի ոստիկանության համար, և կասկածյալը չի կարող ձերբակալվել դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով: Ոստիկանությունից հայտնել են, որ արդեն հարցում են ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ համագործակցության խնդրանքով։