ԱԼԻԵՎՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Իսպանական հայտնի El Confidencial թերթը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»՝ նշելով եվրոպական կառույցներում տարբեր ժամանակներում բացահայտված դեպքեր: Նշվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ովքեր միլիոնավոր դոլարներ են ստացել Ադրբեջանը որպես բռնապետություն որակող զեկույցի ընդունումը տապալելու համար: Հիշատակվում է իսպանացի Պեդրո Ագրամունտը, որը հրաժարական էր տվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից՝ «Ադրբեջանական լվացքատան» (Azebaijani Laundromat) հետ կապված սկանդալային բացահայտումների պատճառով: Այդ կոռուպցիոն սխեմայով եվրոպական ընկերությունների և բանկերի միջոցով եվրոպացի պաշտոնյաներին փոխանցվել է մոտ 2,9 մլրդ դոլար՝ արտասահմանում Ադրբեջանի և Ալիևների ռեժիմի հեղինակությունը վերականգնելու նպատակով: Անդրադարձ կա «Խավիարային կապերը» փաստագրական ֆիլմին: Ըստ ֆիլմի՝ Ադրբեջանը «մութ բանաձևեր» է մշակել, որպեսզի մարդու իրավունքների ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելով հանդերձ՝ տեղ ունենա միջազգային և եվրոպական կազմակերպություններում: Ֆիլմը պատմում է Ադրբեջանում անցկացվող ոչ ժողովրդավարական ընտրություններին, Ալիևների կողմից քաղաքական, տնտեսական, ֆինանսական ռեսուրսների տիրապետման, խոսքի ազատության ճնշումներին, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու դեպքերի մասին:
ԿՈՉ՝ ՉՍԱՏԱՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆ-ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Չնայած ռազմական գործողությունները դադարել են՝ դեռևս առկա են շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Այս մասին ասված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վերաբերյալ Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ:
Եվրամիությունը կոչ է անում խստագույնս հետևելու հրադադարի պահպանմանը, անհապաղ ազատ արձակելու բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցելու ականազերծման հարցում և թուլացնելու լարվածությունը սահմանային հատվածներում: Ըստ խոսնակի՝ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է հասնել համապարփակ կարգավորման և այդ հարցում առաջնային է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարումը:
«Եվրամիությունը կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները փոխանցելու գործում: Միությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու սահմանազատմանը՝ տրամադրելով կողմերին անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Եվրամիությունը քաջալերում է Հարավային Կովկասում հաղորդակցությունը և տնտեսական համագործակցության վերսկսումը»,- ասված է հայտարարության մեջ:
ՌՈԲԻՆ ՌՈԲՈՏԸ՝ TIME-Ի 2021 Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։ Ռոբինին նվիրված իր անդրադարձում ամսագիրն այն բնորոշել է որպես «հոգատար ընկեր»։ Ամսագիրը նաև մեջբերում ռոբոտի հիմնադիր Կարեն Խաչիկյանի միտքն այն մասին, որ նպատակն է եղել ստեղծել ոչ թե հերթական տեխնոլոգիական սարք, այլ վստահելի և հասակակից ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատությունում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ևս 100 ամերիկյան հիվանդանոցում։
«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Հայտնվել TIME ամսագրի լավագույն 100 նորարարությունների շարքում՝ իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի և ամբողջ գիտական ներուժի համար»,- նշել է Ռոբին ռոբոտի ստեղծող հայկական ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։