Գյումրիում կմեկնարկի բնակարանաշինական նոր ծրագիր միջին խավի համար։ Ամերիկահայ բարերարները տնակներում ապրողների համար բնակարան կկառուցեն։ Բնակարանի արժեքի 50 տոկոսն անհատույց կտրամադրի «ԱՌՔ» հիմնադրամը, իսկ մյուս 50 տոկոսը շահառու ընտանիքն է մուծելու՝ 10 տարվա ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսի:
Գյումրի համայնքի նորընտիր ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին:
Հանդիպմանը քննարկել են կառուցվելիք բնակարաններին, գործակցության հուշագրին, հողամասի տրամադրման և նախագծա-նախահաշվային աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 12-16 սոցիալական բնակարան: Նոր բնակարանները կկառուցվեն Գյումրիի Անի թաղամասում՝ խորհրդային շրջանի կիսակառույց շենքերի հիմքերի վրա: 350 քառակուսի մետր տարածքում նախատեսվում է կառուցել քառահարկ շենք:
Հրաչ Հակոբյան («ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ) - Իհարկե, մենք երկար ժամանակ է, որ Գյումրու մեջ համագործակցում ենք քաղաքապետարանի հետ՝ տներ սարքելու այն ընտանիքների համար, որ «դոմիկների» մեջ են, և ինչքան որ մեր միջոցները ներում են, մենք շարունակում ենք ու փափագ ունենք շարունակելու՝ ոչ թե վերջացնենք սրանով. իսկապես շարունակենք մինչև էն օրը, որ տեսնենք, որ «դոմիկներ» գոյություն չունեն մեր քաղաքի մեջ: