10 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիան վերադառնում է երկրի ներսում միջուկային ռեակտորների կառուցմանը։ Այսպիսի հայտարարություն է արել նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ։
Նրա խոսքով՝ դա կապահովի Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը և կհասցնի ածխածնային չեզոքության, հատկապես գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պայմաններում՝ հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
«Եթե ուզում ենք էներգիայի համար վճարել ողջամիտ գներ և կախված չլինել այլ երկրներից, պետք է միաժամանակ զարգացնենք էներգախնայողությունը և ներդրումներ կատարենք առանց ածխածնի արտադրության մեջ: Այդ իսկ պատճառով մինչև 2050 թվականը, Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը երաշխավորելու, մեր երկրին էլեկտրաէներգիայով ապահովելու և ածխածնի չեզոքության հասնելու համար նախորդ որոշումից 10 տարվա անց առաջին անգամ մենք կվերսկսենք երկրում միջուկային ռեակտորների կառուցումը և կշարունակենք զարգացնել էներգիան՝ հիմնված վերականգնվող աղբյուրների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։