ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ. ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար նախատեսվում է նոր պահանջներ սահմանել: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության օրինագծին:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Օդանավակայանի տաքսիների կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել A տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը սահմանվում է տարեկան 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մեքենաների կահավորմանն ու արտաքին տեսքին ներկայացվող պահանջներ, ավելի հստակ ասեմ՝ այն պետք է լինի շախմատաձև և «Աէրո տաքսի» գրառմամբ նշանով, գույնի մասով ընտրել ենք սպիտակ գույնը, և տարիքային սահմանափակում է դրվել՝ 7 տարուց ավել շահագործվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակ լիցենզիա ստանալ:
Առանց համապատասխան լիցենզիայի, ուղևորափոխադրում իրականացնելու համար կսահմանվի 50 հազար դրամ տուգանք: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու անհատ վարորդների հարցը, պատգամավորն օրինագծի հետ կապված կոռուպցիոն ռիսկի առաջացման մտավախություն ունի:
Հռիփսիմե Ստամբուլյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդյոք այս օրինագիծն, ի վերջո, չի՞ բերի մենաշնորհային ինչ-որ բաների, որ շատ մարդիկ դուրս մնան այս գործընթացից:
Արմեն Սիմոնյան - Մենաշնորհ չի առաջանա, որովհետև, նախ՝ լիցենզիան քվոտավորված չէ, սահմանափակ քանակի չէ, որպեսզի ինչ-որ մի կազմակերպություն գա, ստանա x քանակի լիցենզիա, և որևէ մեկն այլևս չկարողանա: Քանի որ հավասար պայմաններ են դրված, չեմ կարծում, որ սա կբերի անհատ վարորդների ինչ-որ դժվարությունների և տարեկան 200 հազար տուրք վճարելու համար, եթե բաժանենք օրական պատվերների թվի, որոնք տեղի են ունենում օդանավակայանի տարածքից, դա մեծ գումար չէ:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Մեկ այլ նախագծով, գործադիրը նախատեսում է փոփոխություն կատարել կաթնամթերքի շուկայում: Առաջարկվում է կաթնային յուղ պարունակող մթերքը խանութում տարանջատել բնական կաթից պատրաստված մթերքներից, դրանք տեղավորելով այլ դարակներում:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Կաթնային յուղը, որպես հումք շատ ավելի էժան է, քան բնական կաթը և այս պահին գնային որևէ տարբերություն չկա այն կաթնամթերքի մեջ, որը պատրաստված է բնական կաթից, և այն կաթնամթերքի մեջ, որը պատրաստված է կաթնային յուղից, հետևաբար առաջարկում ենք, ուղղակի օրենքով սահմանել, որ դարակաշարերով առանձնացված լինի, որպեսզի սպառողը, երբ գա գնելու, հասկանա՝ որն է կաթնային յուղ պարունակող, որը՝ չէ:
«Քաղաքացիական պայմանագրից» Ծովինար Վարդանյանը կարևոր է համարում կարգավորումը, սակայն կարծում է՝ պետք է խնդիրը լուծել այլ եղանակով:
Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա փոքր ձեռնարկատիրոջ համար, որը տեղի խնդիր ունի ներկայացնելու իր ապրանքը, կարող է, օրինակ, խնդրահարույց լինել: Հնարավոր չէ՞ր այս հարցը զուտ պիտակով լուծել, այսինքն՝ պիտակը դրվի, իմանա, որ սա այս է, սա՝ այն, եթե շատ տեսանելի պիտակ լիներ ընդամենը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվում է նաև այդ տարբերակը և ներկայացված կարգավորումը միայն կարճաժամկետ լուծում է:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Քանի որ տեխկանոնակարգերը գրվում են ԵԱՏՄ-ի համար, այսինքն՝ փոփոխությունը պետք է արվի ամբողջ ԵԱՏՄ տարածքում: Տեխկանոնակարգերում փոփոխություն անելու հարցը քննարկել ենք ԵԱՏՄ-ում, թերևս մեր բելառուս գործընկերների համար դա խնդիր էր առաջացնելու:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ
Հարցուպատասխանի ավարտին որոշվեց օրինագծի քննարկումը հետաձգել 2 ամսով՝ այն լրամշակելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց նաև Հայաստանում օնլայն ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ավելացված արժեքի հարկ գանձելու նախագծին: Google-ը, Netflix-ը, Amazon-ը և այլ կազմակերպություններն այդ հարկը հիմա էլ են հաշվարկում, և փոփոխությունից հետո նշված գումարները կհոսեն պետական բյուջե:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում, ֆիզիկական անձանց վրա որևէ բեռ չի դրվում, սա ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից, կամավորության սկզբունքով, սեփական կամքով, նաև մեր հետ գործակցության ուժով՝ ԱԱՀ-ի գծով պարտավորությունները հաշվարկելու և վճարելու մասին է:
Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան