Քննիչ Վազգեն Վարդանյանի ձեռքի թղթապանակում Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի մանրամասներն են։ 25 տարի համայնքը ղեկավարած Մկրտչյանը, որը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, մեղադրվում է մի քանի դրվագով պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու համար:
Վազգեն Վարդանյան, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ - Քասախ համայնքի ղեկավարը համայնքում գտնվող 11,6 հա մակերեսով հողատարածքը, որը փաստացի ծանրաբեռված է եղել գերեզմանոցներով, վարձակալությամբ տրամադրել է իր մտերիմին:
Այնուհետև, ըստ քննիչի, նույն հողատարածքն օտարել է նույն անձին՝ անտեսելով Հողային օրենսգրքով նախատեսված արգելքը, ըստ որի՝ քաղաքացիական և զինվորական գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքները վաճառքի ենթակա չեն:
Մյուս ենթադրյալ չարաշահման դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին: Ըստ մեղադրանքի՝ պաշտոնյան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները փաստացի իր տիրապետության տակ առնելու և դրանց օտարումից առավել շահույթ ստանալու նպատակով իրեն դիմած անձանց հողի վերաբերյալ այլ տվյալներ է ներկայացրել։
Վազգեն Վարդանյան - Մասնավորապես, 2012 թվականին իրեն դիմած քաղաքացուն 800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ներկայացնում է որպես 3 միլիոն 600 հազար դրամ՝ դիտավորյալ թաքցնելով այն հանգամանքը, որ նշված հողատարածքը ներկայացված է աճուրդ-վաճառքի, և գինը կազմում է մոտավորապես 2 միլիոն ՀՀ դրամ:
Քննիչի խոսքով՝ ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ Մկրտչյանը կազմակերպել է կեղծ աճուրդ:
Վազգեն Վարդանյան - Դրանց հիման վրա նշված հողատարածքը ձևակերպում են իր մտերիմ անձի անունով, իսկ դրանից մոտ 10 օր անց նույն հողատարածքը 3 միլիոն 600 հազար դրամով օտարում է արդեն իրեն դիմած քաղաքացուն:
Նմանատիպ մեկ այլ դեպքով էլ Քասախ համայնքի ղեկավարը կրկին հողատարածքների վաճառքից շահույթ ստանալու նպատակով կազմակերպել է երկու հողակտորների ձևական աճուրդ-վաճառքներ:
Վազգեն Վարդանյան - Ձևականորեն պահպանվում են օրենքի նորմերը, սակայն իրականում որևէ աճուրդ տեղի չի ունենում, որևէ անձ փաստացի չի մասնակցում աճուրդին, այլ աճուրդային արձանագրություններում մտցնում են կեղծ տվյալներ՝ անձանց մասնակցության, կատարված քայլերի և հաղթող անձի վերաբերյալ, և երկու հողակտոր գրանցում է իր մտերիմ անձի անունով:
Հետագայում, ըստ Վարդանյանի, նշված երկու հողակտորները, որոնք ձեռք են բերվել մոտ 2 միլիոն դրամով, օտարվել են, համապատասխանաբար, 2 միլիոն 700 հազար դրամով և 5 միլիոն 739 հազար 840 դրամով:
Մյուս դեպքով էլ Արա Մկրտչյանը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, Երևանի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք հողատարածքներ 1 քառակուսի մետրը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ:
Վազգեն Վարդանյան - Կազմվում են փաստաթղթեր աճուրդ-վաճառքների վերաբերյալ, դրանցում ներառվում են կեղծ տեղեկություններ անձանց մասնակցության, կատարված քայլերի վերաբերյալ, թեև այդ անձինք աճուրդների չեն մասնակցում, նույնիսկ տեղեկացված չեն լինում, որ իրենց տվյալները ներառվել են աճուրդային արձանագրություններում:
Հետագայում, քննիչի խոսքով, գնորդը ներկայանում է համայնքապետարան, ստորագրում արդեն իսկ կազմված փաստաթղթերը և ուսումնասիրությամբ պարզում, որ իր վճարած գումարից էապես նվազ գումար է նշված:
Վազգեն Վարդանյան - Մոտավորապես 6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է նշված փաստաթղթերի մեջ, և հարց է բարձրացնում, թե ինչու է առավել ցածր գումար նշվել, պատասխան է ստանում, որ դա արվել է իր օգտին, որպեսզի նվազ հարկեր վճարի, և այդ ամենը բխում է նրա շահերից:
Արդյունքում՝ տվյալ քաղաքացուց ստացել է 63 միլիոն 558 հազար 820 դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 29 միլիլոն 764 հազար 592 դրամը: Այսպիսով՝ տվյալ քաղաքացուն և համայնքին պատճառվել է ընդհանուր 33 միլիոն 794 հազար 228 դրամի վնաս:
«Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Մկրտչյանի պաշտպանից, սակայն նա զանգերն անպատասխան թողեց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան