Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը, որը պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար ուներ տասը րոպե: Ելույթը սկսվեց հիշեցմամբ:
Թիմ Լոթըն (ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր) - Շատերը գուցե չկարողանան տարբերել Հայաստանը քարտեզի վրա, կամ գուցե որևէ գիտելիք չունենան մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունների մասին, բայց դա բավարար պատճառ չէ, որ մենք հաշվի չառնենք, չհիշենք ու չփորձենք շտկել մարդկության պատմության այս մութ էջը, որը նորին սրբություն Ֆրանցիսկոս պապը ճանաչել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Ինչո՞ւ որոշվեց բանաձևը ներկայացնել հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրը: «Լուրեր»-ի հետ բացառիկ զրույցում օրինագծի հեղինակը հորդորում է դավադրություններ չփնտրել. քննարկման օրը պարզապես համընկել է եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի հետ:
Թիմ Լոթըն - Իրականում անարդարությունն արդեն երկար տարիներ է՝ ձգվում է: Գոյություն ունի երկար տարիների պատմություն ունեցող անարդարություն: Այն վերաբերում է հայերի պատմական կոտորածին: Պաշտոնապես այն ցեղասպանություն է ճանաչել աշխարհի արդեն 31 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Տեղի ունեցածը բոլոր բնութագրերով և ձևակերպումներով հստակորեն հենց ցեղասպանություն է: Մենք պետք է լրջորեն բարձրաձայնենք այն բոլոր ցեղասպանությունների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում:
Օրինագծին աջակցել են բոլոր խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները: Երկրորդ ընթերցումը նախատեսված է 2022-ի մարտի 22-ին, որին դեռ պետք է հաջորդի կառավարության հաստատումը: