Կիսադատարկ գազել կամ ավտոբուս Երևանի փողոցներում առավոտյան և երեկոյան դժվար է գտնել: Համավարակի օրերին հասարակական տրանսպորտը պետք է արտակարգ պայմաններում աշխատի և ուղևորափոխադրումն իրականացնի հակահամաճարակային կանոնները պահելով: Տեսուչները դրական առաջընթաց են տեսնում:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Մեր ուժեղացված ստուգայցերի արդյունքում թե՛ վարորդների մասով, թե՛ ուղևորների մասով պարտաճանաչությունը և իրավագիտակցությունը էլ ավելի է բարձրացել, մասնավորապես, դիմակների կրման մասով. վարորդները պարտադիր կրում են դիմակ, ուղևորները բոլորը մեկ մարդու նման կրում են դիմակ:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խոշորացույցի տակ պահել հասարակական տրանսպորտը: Ստուգում են ոչ միայն դիմակների ու ախտահանիչ միջոցների առկայությունը, այլև վարորդական փաստաթղթերը: Նոր Նորքում տեսուչները միկրոավտոբուս, ավտոբուս, տաքսի ստուգեցին, խախտում նկատելիս արձանագրություն կազմեցին:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի փորձագետ) - Եղել է 1 արձանագրություն տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի նկատմամբ, ինչպես նաև ևս մեկ արձանագրություն կազմվել է միկրոավտոբուսի նկատմամբ գերբեռնվածության հետ կապված:
Տեսչականի մասնագետները վարորդներին հորդորում են մեքենաները պարբերաբար ախտահանել, հետո նոր երթի դուրս գալ, նաև հիշեցնում՝ եթե ավտոբուսներում շարունակեն առանց սոցիալական հեռավորությունը պահելու գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնել, ապա ավելի մեծ վարչական պատասխանատվություն կկրեն:
Վերջին մեկ շաբաթում տեսուչները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 770 տրանսպորտային միջոց են ստուգել, 130-ի դեպքում արձանագրություն կազմել: Հիմնական խախտումները կապված են եղել գերբեռնված երթևեկելու հետ: