ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015 թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30 տարեկան տղամարդ:
Փաստի առթիվ 2015 թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, 30-ամյա տղամարդուն վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, Արմավիր քաղաքի 54-ամյա բնակիչ:
Վերջինիս նկատմամբ Սլովակիայի իրավապահ մարմինների կողմից դեռևս 2016 թ. մայիսին հայտարարվել է միջազգային հետախուզում, որի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, իսկ 2018 թ. հոկտեմբերին հիշյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Արմավիրի բնակչին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի կողմիտեի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019 թ. հունվարի 27-ին Արմավիրի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Մինչդատական վարույթում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, 30-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2015 թ. սեպտեմբերի 12-ին հետապնդել և ժամը 23:40-ի սահմաններում Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի Կոնեչնա փողոցում կանգնեցրել է տուժածի ավտոմեքենան, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: