Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Նա հանդիպել է նոր սեփականատիրոջ և աշխատակիցների հետ: Արդյունաբերական ընկերությունում քննարկվել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նպատակները, կառավարության հետ գործակցության, ներդրումային ծրագրերը:
Սուրեն Պապիկյանը ժամկետներ չի նշել, բայց հավաստիացրել է՝ նպատակների իրագործման համար կան բոլոր նախադրյալները: Հանդիպմանը նա պատասխանել է նաև աշխատակիցների հարցերին: Համատեղ գործընթացի մեկնարկը, ըստ փոխվարչապետի, ունեցել է մեկ հիմնական նպատակ, որ Հայաստանում լինի պղնձաձուլարան: Դեռ չեն տեղորոշել, բնապահպանական, լոգիստիկ հարցերը քննարկելուց հետո կհանգեն ընդհանուր մոտեցման:
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Առաջիկայում նպատակ ունենք մեր մասնակցության չափաբաժինն ընդլայնելու, որ ՀՀ-ն ունենա մշտական փաթեթ, որը մեզ համար երաշխիք կլինի: Ամեն անգամ, որ խնդիրներ չունենանք երկրի համար՝ բաժնետերերի փոփոխության պատճառով և այլն, պետք է ունենանք բաժնեմասերի գոնե 1/4-ը, որի համար ժամանակ և ֆինանսական միջոցներ են պետք: ՀՀ-ն կունենա իր մասնաբաժին ներդրումն այդ տեսքով: Այն հարցերն ու խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ մեր համատեղ գործունեության ընթացքում, օր առաջ պետք է լուծվեն, որովհետև ՀՀ-ն ունի սեփականություն, որը կարող է դառնալ հնարավոր հանքավայր: Այսինքն՝ նման պլաններ ունեցող ընկերության համար, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսի առկայությունը կամ բացակայությունը պիտի բերի նրան, որ ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի, օրինակ, նոր ատոմակայանի կառուցման համար, ընկերությունը պիտի երաշխիք տա իքս քանակի էլեկտրաէներգիա սպառելու մասին: Սա համատեղ աշխատանք է, փոխադարձ ձեռնտու առաջարկ է: