Սննդային թունավորմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված երեխաներն այսօր դուրս են գրվել: «Լուրեր»-ին հայտնել է հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը:
Հռիփսիմե Ապրեսյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ) - Երեխաների վիճակը ընդունման պահին եղել է ծանր, բազմակի փսխումներով, երեխաները բոլորը տուժած վիճակով են ընդունվել, սակայն ժամերի ընթացում բուժման ֆոնի վրա դիտվել է վիճակների բարելավում
Սննդային թունավորման ախտանշանով երեկ հիվանդանոց է տեղափոխվել 10 երեխա: Երկուսը՝ Ինֆեկցիոն ազգային կենտրոն, 8-ը՝ Մուրացան հիվանդանոց: Բոլորն էլ «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 7-11 տարեկան:
Բժիշկ - Ընդունված երեխաները ութն են, նշվում են սննդի օգտագործում միասին՝ շիլա և երշիկ:
Թե կոնկետ որ սննդից են երեխաները թունավորվել, Հռիփսիմե Ապրեսյանը դժվարանում է ասել, հորդորում է սպասել իրավասու մարմինների ուսումնասիրության արդյունքներին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից երեկ երեկոյան, արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետ) - Նմուշներ են վերցվել առկա սննդամթերքից և սննդամթերքի հետ շփվող մակերեսներից, սկսվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման պայմանները ստուգվել, այսօր արդեն հրաման է բացվել կոնկրետ վերահսկողական գործողության, ամենայն հավանականությամբ, գործունեությունը կկասեցվի:
«Էլկա» զարգացման կենտրոնում այսօր դռները փակ էին: Անպատասխան մնացին նաև մեր հեռախոսազանգերը:
Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին ՍԱՏՄ-ն կտեղեկացնի 5-օրյա ժամկետում: