ԱՄԷ
«ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅ»-Ի ՄԵՂՐԱՄՈՄԵ ԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Դուբայում բացվել է աշխարհահռչակ «Մադամ Տյուսոյի» մեղրամոմե արձանների թանգարանի մասնաճյուղը, որն առաջինն է Մերձավոր Արևելքում: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 60 ցուցանմուշ: 16 արձան բացառապես արաբական թեմայով է, այսինքն՝ արաբական աշխարհի հայտնի դեմքերից են, այդ թվում, դերասաններ, մարզիկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Թանգարանի ընդհանուր տարածքը բաժանված է տարբեր հատվածների, մի մասում թեման արքայական տունն է, մյուսում՝ սպորտը, մեկ այլ հատվածում՝ քաղաքականությունը, նորաձևությունը, արվեստը, երաժշտությունը, կինոն, և այլն: Դուբայի «Մադամ Տյուսոյի» գլխավոր մենեջեր Սանազ Կոլսռուդի խոսքով, մեղրամոմե արձաններ պատրաստելն այնքան էլ հեշտ գործ չէ:
ՍԱՆԱԶ ԿՈԼՍՌՈՒԴ («ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆԵՋԵՐ) - Մեղրամոմե մեկ արձան պատրաստելու համար 4-7 ամիս է պահանջվում: Մեկ արձանը վերջնական տեսքի բերելու համար 20 վարպետ է աշխատում: Նրանք քանդակագործներ են, վարսահարդարներ, դիմահարդարներ, հենց մեղրամոմով աշխատող վարպետներ, նկարիչներ: Նրանք երբեմն մարմնի մոտ 500 չափս են վերցնում:
Դուբայը տարածաշրջանի զբոսաշրջային և բիզնես հանգույցն է: Տեղացիները լիահույս են միլիոնավոր զբոսաշրջիկների գրավել հատկապես Դուբայի Էքսպո 2020-ի շնորհիվ, որն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ բացվել է: Նախորդ տարի այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
ՊԱՂԵՍՏԻՆ
ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ԹՈՒՂԹԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԿՏԱՎԻ
Գազայի հատվածում մի խումբ կանայք են ապրում, որոնք թղթի թափոնից կտավ են պատրաստում: Սա նրանց նոր բիզնեսն է: Հուդա Թաբիթը մի օր որոշել է հավաքել թղթի այն ամբողջ թափոնը, որը հավաքվել է դասավանդելուց հետո, որոնց վրա խզբզել է, ինչ-որ բաներ է բացատրել երեխաներին, որպես սևագրություն է օգտագործել ու դրանք կիրառելու այլընտրանքային տարբերակ է գտել: Այս գործը ոչ միայն բարենպաստ է շրջակա միջավայրի համար, այլև քիչ թե շատ եկամտաբեր է:
Մանրացված թղթի կտորների վրա ջուր և այլ բաղադրիչներ են ավելացնում, խյուս պատրաստում, հետո սեղմում, ամրացնում այն համապատասխան կաղապարի մեջ և հանելուց հետո թողնում՝ չորանա, հետո մի լավ մշակում են, և կտավը պատրաստ է նկարելու համար:
ՀՈՒԴԱ ԹԱԲԻԹ (ԹՂԹԵ ԹԱՓՈՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ) - Օգտագործելով աշխատանքային տարրական գործիքներ՝ կարողացանք վերամշակել թղթի թափոնը՝ կտավներ արտադրելու համար: Ստացված ապրանքի որակի մասին կարծիք են հայտնում այն նկարիչները, որոնք հետագայում ստեղծագործում են դրանց վրա:
Իսկ նկարիչները վստահեցնում են, որ սրանք հրաշալի կտավներ են՝ ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ նկարիչների համար: Ասում են, որ մեծ հաճույք են ստանում՝ նկարելով այնպիսի կտավների վրա, որոնք, համոզված են՝ օգնում են պաշտպանել շրջակա միջավայրն աղտոտումից և էկոլոգիապես ավելի մաքուր են:
ԱՄՆ
«ՋՐԻ ՀՈԳԻՆ» ՔԱՆԴԱԿԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ
Կնոջ գլխի ճերմակ բարձրաքանդակը, որի ցուցամատը սեղմված է շուրթերին, նայում է դեպի Մանհեթեն՝ քաոսային քաղաքին և Հուդզոն գետին, ասես, կոչ անելով մի փոքր կանգ առնել և լսել: 24 մետր բարձրություն ունեցող այս անզուգական ստեղծագործությունը կոչվում է «Ջրի հոգին»: Սա Պլենսայի` մինչև օրս արված ամենամեծ աշխատանքն է: Ուղերձն է լռել ու մի պահ լսել ջրի քչքչոցը, որն, ասես, խոսում է մեզ հետ:
Ձյունաճերմակ գլուխը, կարծես, մարդկանց ստիպում է շրջվել և նայել բարձրահարկ շենքերի անտառի դիմաց բացվող գետի տեսարանին: 66-ամյա Պլենսան ասում է, որ իր այս ստեղծագործությամբ ցանկացել է պայքարել մեքենաների շարժիչներից առաջացած աղմուկի, նաև ինֆորմացիոն հոսքերի և հաղորդագրությունների դեմ և հորդորում է ավելի շատ ականջալուր լինել բնության ձայներին: Նրա աշխատանքներում հաճախ կարելի է հանդիպել փակ աչքերով կանանց քանդակների:
Արվեստագետն արձանը պատրաստել է պոլիեսթեր խեժից, ապակյա մանրաթելից ու մարմարի փոշուց: Ստեղծագործությունը կյանքի է կոչել Բարսելոնայում գտնվող իր արվեստանոցում: Այն Նյու Յորք է տեղափոխել 23 բեռնարկղերով: Պլենսան, որն արդեն 40 տարի է, ինչ իր աշխատանքները ցուցադրում է բազմաթիվ երկրներում, վստահեցրել է, որ մի որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի իր արվեստն ընդունելի դառնա տարբեր միջավայրներում:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ՎԱՐՍԱՎԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ
Թաջ Մահալից մինչև Մայքլ Ջեքսոն. հայտնի կոթողների և աշխարհահռչակ դեմքերի նկարները Հնդկաստանում ապրող վարսավիր եղբայրները կարող են պատկերել մարդկանց գլուխների վրա` հատուկ սանրվածքի միջոցով: Հնդկաստանի հյուսիսային Մանդի Դաբվալի քաղաքում ապրող Ռաջուինդեր և Գուրուինդեր Սինկխ Սիդհու եղբայրներն իսկական հիթ են դարձել իրենց բնակավայրում և մեծ պահանջարկ են վայելում: Նրանք հպարտորեն նշում են, որ կարող են ստանալ Հոլիվուդից մինչև Բոլիվուդ բոլոր հայտնի դեմքերի, նաև միջազգային սպորտի աստղերի, մուլտհերոսների ու նույնիսկ Քինգ Քոնգի նկարները` պատկերված մարդկանց գլխի հետևի հատվածում:
Հաճախորդի գլուխը հանգամանալից լվանալուց հետո, մազերի մի մասը սափրում են և սկսում են, այսպես ասած, «նկարել» մկրատով ու էլեկտրական սափրիչով: Մազերը կտրում են տարբեր երկարություններով ու ստանում են համապատասխան պատկերը, նաև մի տեսակի մատիտ են օգտագործում, մանրուքներն ընդգծելու համար: Ավարտուն աշխատանքը հիշեցնում է դաջվածք, սակայն մի քանի օրից այն ջնջվում է:
Բարդ նկար պատկերելու համար երբեմն մինչև 4 ժամ է պահանջվում, արժեքն էլ տատանվում է 20-30 դոլարի սահմաններում: Եղբայրներն իրենց վարսավիրային բիզնեսն սկսել են մոտ 7 տարի առաջ, երբ որոշել են չշարուրնակել իրենց հոր գործը և բեռնատարի վարորդ չդառնալ:
Փոխարենը սկսել են ստեղծագործական աշխատանքով զբաղվել և մասամբ բավարարել կերպարվեստի հանդեպ սերը: Ամբողջ օրը վարսավիրանոցում աշխատելուց հետո եղբայրներն անվճար սանրվացք են անում իրենց հարևանների համար:
ՌԱՋՈՒԻՆԴԵՐ ՍԻՆԿԽ ՍԻԴՀՈՒ (ՎԱՐՍԱՎԻՐ) - Մենք ապագայի հետ կապված որոշ ծրագրեր ունենք և քրտնաջան աշխատում ենք՝ նոր գործեր ներկայացնելու համար: Ցանկանում ենք մեր աշխատանքները միջազգային մակարդակի հասցնել: ԱՄՆ-ում և Մեքսիկայում վարսահարդարման մրցույթներ են անցկացվում, ուզում ենք մասնակցել դրանց և ներկայացնել Հնդկաստանը:
Սակայն միջազգային հարթակներ նվաճելուց առաջ վարսահարդար եղբայրները մտադիր են իրենց հայրենիքում ավելի մեծ հաջողություններ գրանցել` տեղափոխվելով կա՛մ մայրաքաղաք Նյու Դելի կա՛մ Մումբայ:
ԻՐԱՔ
ՕՁԵՐԻ ԿԱՇԻՆ` ՈՐՊԵՍ ԴԵՂԱՄԻՋՈՑ
Իրաքի հյուսիսային Դոհուկ գավառում ապրող Ամին Աբդուլ Սաթարն իր տանն ապրում է 70 օձի հարևանությամբ: Նա կենդանիների կաշին օգտագործում է ավանդական բժշկության մեջ: Ընտանիքի անդամների օգնությամբ 60-ամյա տղամարդը, որն իրաքցի քուրդ է, արդեն 30 տարի օձեր է պահում: Օձերի մի փոքր մասը նույնիսկ թունավոր են: Սողուններն ամեն տարի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին փոխում են իրենց կաշին: Սաթարը հավաքում է այն և պահեստավորում:
Տղամարդը վստահեցնում է, որ օձի կաշին բնական շատ լավ դեղամիջոց է թութքի, հաստ աղիքի և ստամոքսի խնդիրների դեմ, իսկ օձի միսը շատ լավ է ասթմայով տառապողների համար: Օգուտ ստանալուց բացի, Սաթարը համոզված է, որ հարկավոր է ավելի մեծ հարգանքով վերաբերվել օձերին, պահպանել դրանց, այլ ոչ թե սպանել: Տղամարդը վստահեցնում է, որ այս օձերին համարում է իր տանն ապրող ընկերներ:
ԱՄԻՆ ԱԲԴՈՒԼ ՍԱԹԱՐ (ՕՁԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ) - Նախկինում ես տարբեր տեսակի կենդանիներ եմ պահել, այդ թվում կատուներ և աղավնիներ: Նկատում էի, որ շատերն են կենդանիներ պահում, սակայն օձերին իրենց թշնամիներն են համարում: Ահա թե ինչու, որոշեցի ինքս օձեր պահել իմ տանը:
Դրսում, երբ օձ է տեսնում, հաճախ իր տուն է բերում և պաշտպանում ոչնչացումից: Սաթարի համոզմամբ, օձին սպանելը համարժեք է մարդ սպանելուն:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԺՆԵՎԸ` ԱԼՊԻԱԿԱՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ»
Նկարահանող ԱԹՍ-ն պատկերել է Շվեյցարիայի ամենահայտնի ու խոշոր քաղաքներից մեկի` Ժնևի անզուգական տեսարանները: Այն գտնվում է Լեման լճի հարավային հատվածում, հայտնի է 129 տարվա պատմություն ունեցող Ժե դ'Օ շատրվանով, 12-րդ դարում կառուցված տաճարով, նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանով: Ժնևը շրջապատված է լեռներով, այդ թվում՝ Մոնբլանով, որն Ալպերի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթն է` ծովի մակարդակից 4807 մետր բարձրությամբ:
Երբ օրն արևոտ է լինում, Ժե դ'Օ շատրվանի առաջացման հիմքում ծիածան է նշմարվում: Շատրվանի բարձրությունը 140 մետր է: Իսկ Անգլիական այգում կարելի է հանդիպել աշխարհի ամենամեծ «Ծաղկե ժամացույցին»: Այնտեղ կարելի է ավելի քան 12 000 բույս տեսնել, ծաղիկները տարբեր ժամանակահատվածներում են ծաղկում, ինչն էլ պարբերաբար փոխում է ծաղիկներով ժամացույցի երանգները: Այգին կառուցվել է 1955 թվականին:
12-րդ դարի Սուրբ Պետրոսի տաճարը Հին քաղաքում է: Աշտարակին հասնելու համար հարկավոր է բարձրանալ 157 աստիճան:
2021 թվականին Global Financial Centres Index-ը Ժնևը համարել է մրցունակության աշխարհի 9-րդ ամենակարևոր ֆինանսական կենտրոնը:
Ավելի քան 200 000 բնակիչ ունեցող Ժնևը հայտնի է որպես դիվանագիտական կենտրոն, որտեղ տեղակայված են միջազգային մի շարք կազմակերպությունների և ՀԿ-ների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԿԽՄԿ-ի, ԱՀԿ-ի և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կենտրոնակայանները:
Անցած տասնամյակների ընթացքում քաղաքում տեղի են ունեցել մի քանի խաղաղ բանակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, որոնցից վերջինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն է 2021 թվականի հունիսին, Վիլլա Լա Գրանժում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
ՄԱՐՈԿԿՈ
ԱՆՎՃԱՐ ԱՊԱՍՏԱՆ՝ ՖԵԶԻ ԱՎԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարոկկոյի հնագույն Ֆեզ քաղաքում գտնվող նորաբաց կացարանն անվճար խնամք է ապահովում ավանակների համար, որոնք երկար ժամանակ անտեսված են մնացել: Այս կենդանիները քաղաքի հիմնական փոխադրամիջոցներն են, քանի որ փողոցները շատ նեղ են: Պարսպապատ Մեդինայում հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով կամ ավանակով:
Ֆեզը մահմեդական աշխարհի ամենալավ պահպանված պատմական քաղաքներից մեկն է: Այնտեղի ճարտարապետությունը թվագրվում է 9-րդ դարով: Ավանակներն ու ջորիները վաղուց հաստատված են եղել Ֆեզում և բնակիչների լավագույն բարեկամներն են:
ՄԱՐԻԱՄ ԳԱՆԴԻ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏ) - Մենք հիմա այն ախոռում ենք, որը վերջերս է հիմնադրվել Ֆեզ քաղաքի սրտում: Քաղաքի փողոցներն ու ծառուղիները շատ նեղ են: Ահա թե ինչու, հիմնականում ավանակներն ու ջորիներն են կարողանում ապրանքները մի վայրից մյուսը տեղափոխել:
Հիվանդանալու դեպքում ավանակներին անտեսում էին, մինչդեռ այժմ դրանց այստեղ անվճար կխնամեն: Կացարան բերվում են ոչ միայն արդեն ծերացած ավանակներին, այլև նրանց, որոնց տերերն ի վիճակի չեն պահել: Ֆեզում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ավանակ ու ջորի է աշխատում: Ապաստարանում անվճար խնամք է ստանում 30 ավանակ, սակայն նախաձեռնության հեղինակները հույս ունեն դրանց թիվը հասցնել 50-ի:
ԻՍՐԱՅԵԼ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻՑ ԽԱՉԱԿՐԻ ԹՈՒՐ ԵՆ ԳՏԵԼ
Թուրը, որն, ամենայն հավանականությամբ, պատկանել է խաչակրի, որը մոտ հազար տարի առաջ լողացել է դեպի Սուրբ երկիր, դուրս է բերվել Միջերկրական ծովի հատակից: Թուրը գտել է սուր տեսողություն ունեցող մի սիրողական ջրասուզակ:
Մեկ մետր երկարություն ունեցող մետաղյա թուրը պատված է ծովային մանր քարերով, ավազով ու խեցիներով: Տեղանքը, որտեղից գտել են թուրը և որը բնական ծովախորշ է, հավանաբար, նախկինում ծառայել է որպես ապաստարան՝ ծովագնացների համար:
ՅԱԿՈՎ ՇԱՐՎԻԹ (ԻՍՐԱՅԵԼԻ ԾՈՎԱՅԻՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՏՆՕՐԵՆ) - Այս թուրն իրականում շատ ծանր է, քանի որ քարերով է պատված: Հավանաբար, երկաթից է պատրաստված, պատկերացնու՞մ եք, թե որքան ծանր կլինի: Իսկ դա նշանակում է, որ այն տղամարդը, որին պատկանել է այս թուրը, բավականին հաղթանդամ և ամրակազմ է եղել, բավական չէ կարողացել է կրել այն, այլև կռվել է դրանով: Չի բացառվում, որ այն ժամանակվա տղամարդիկ մեզանից շատ ավելի թիկնեղ և ֆիզիկապես ուժեղ են եղել:
Մոտ 900 տարեկան թուրը հանրության համար ցուցադրության կհանեն միայն լիարժեք մաքրելուց և, հարկ եղած դեպքում, վերանորոգելուց հետո:
ՊԱՂԵՍՏԻՆ
85-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂ ՏԱՏԻԿԸ
Պաղեստինցի 85-ամյա Ջիհադ Բուտոն վերջին անգամ դասասենյակում է եղել 12 տարեկան հասակում՝ 1948 թվականին: Պաղեստինցիների արտագաղթի ժամանակ ստիպված է եղել թողնել ուսումը:
Դրանից տասնամյակներ անց, 85-ամյա Ջիհադ տատը վերջապես ստացել է քոլեջի կրթական աստիճանը: Նա ընդունվել էր 2018-ին: Բուտոն ծնվել է 1936 թվականին՝ Նաբլուսում, ամուսնացել է Նազարեթի հետ: Տարիների ընթացքում միշտ ինքնակրթությամբ է զբաղվել, երեխաների հետ սովորել է օտար լեզուներ, մաթեմատիկա, կրոնի պատմություն:
Յոթ երեխաների մայրն ուսումնական հաստատություն վերադառնալու հնարավորություն է ունեցել միայն 81 տարեկանում և կարողացել է վերջապես կյանքի կոչել իր վաղեմի երազանքը՝ քոլեջի ավարտական հանդերձանք կրել:
Ավելին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դասերի մեծ մասն առցանց տարբերակով է անցել, ուստի ստիպված է եղել նաև համակարգչային հմտություններ զարգացնել:
ՋԻՀԱԴ ԲՈՒՏՈ (85-ԱՄՅԱ ՆՈՐԱՎԱՐՏ ՈՒՍԱՆՈՂ) - Որդիս լափթոփ բերեց ինձ համար և ցույց տվեց, թե ինչպես պետք է Zoom-ից օգտվեմ: Ես ամեն օր Zoom-ի օգնությամբ իմ տնային աշխատանքներն էի անում: Հետո քննություն տվեցի, դարձյալ առցանց:
85-ամյա տատն ասում է, որ այժմ ստացած գիտելիքները մեծ հաճույքով փոխանցում է իր համայնքի կանանց: Նա խոստովանում է, որ անչափ երջանիկ է այն մտքից, որ դեռ կարող է օգտակար լինել մարդկանց: