Կարևոր է ոչ միայն գինը, այլ նաև որակը: Վարորդներն անհանգստացած են հեղուկ գազի թանկացմամբ, որակը մղվել է 2-րդ պլան: Ոլորտը հսկող Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մանրամասնում է՝ հեղուկ վառելիքը 2 տեսակի է լինում՝ կենցաղային և ավտոմոբիլային, որը որակապես ավելի լավն է, քան տանն օգտագործվող կապույտ վառելիքը:
Արմեն Կոտոլյան (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար) - Մենք ստիպում ենք տնտեսվարողներին՝ անպայման մակնշում լինի վառելիքաբաշխիչ աշտարակի վրա, թե վաճառվող վառելիքը որ դասին է պատկանում:
Սա վարորդին թույլ է տալիս տեղեկացված լինել վառելիքի որակի մասին, տեսչականին էլ լաբորատոր փորձաքննության ժամանակ հնարավորություն է տալիս վերահսկել տնտեսվարողներին և թույլ չտալ բարձր որակի ապրանքի անվան տակ վաճառել ցածրորակը: Մակնշման վերաբերյալ գործող նոր կանոնակարգի մասին տեսչականի աշխատակիցները գրավոր ծանուցել են բոլոր տնտեսվարողներին: 2022-ից ՇՎՏՄ-ն հնարավորություն կունենա արդեն փորձաքննության հանձնել նաև հեղուկ գազը:
Արմեն Կոտոլյան - Կվերցնենք փորձանմուշներ հեղուկ վառելիքի, կտանք համապատասխան լաբորատորիա ու կհասկանանք՝ արդյոք տվյալ տնտեսվարողը ճի՞շտ որակի հեղուկ գազ է վաճառում, թե՞ ոչ:
Հաջորդ տարի ՇՎՏՄ-ն կունենա բենզինի լաբորատորիա: Միաժամանակ, տեսչականը նոր լիազորություն է ստացել և կարող է գնալ ստուգաչափման առանց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» աշխատակիցների: Օրենքի փոփոխություններով հեղուկ վառելիք վաճառող տնտեսվարողը պետք է ունենա ստուգաչափված տարա:
Արմեն Կոտոլյան - Նպատակը հետևյալն է, երբ քաղաքացին կասկածի կամ մտածի որ թերլիցքավորում է իրականացնում, քաղաքացին կարող է պահանջել տվյալ ստոգաչափված տարան, ու մեքենայի բենզաբակը լիցքավորելուց առաջ տնտեսվարողը պարտավոր է լիցքավորել այդ տարայի մեջ բենզինը, որ քաղաքացին համոզված լինի, որ որևիցե թերլիցքավորում չկա:
Հիմա էկոնոմիկայի նախարարությունը մշակում է կարգը, թե ինչ որակի, ինչ ծավալի պետք է լինի ստոգաչափը: Ստանդարտը հաստատվելուց հետո տնտեսվարողները 2 ամիս ժամանակ կունենան ստուգաչափը ձեռք բերելու և նոր կարգով վաճառք իրականացնելու համար: Եթե տնտեսվարողը հրաժարվի մեքենան լիցքավորելուց առաջ ստուգաչափել, քաղաքացին կարող է ահազանգել տեսչական մարմին, որի աշխատակիցներն արդեն տնտեսվարողին տուգանելու լիազորություն ունեն:
Վերանայվել են նաև տուգանքների դրույքաչափերը: Նախկինում վառելիքի շուկայում խախտումներ հայտնաբերելու դեպքում պատիժը 50-100 հազար դրամ տուգանքն էր: Այս չափը՝ ըստ տեսչական մարմնի ղեկավարի, զսպող կամ պատժիչ գործառույթը լիարժեք չէր իրականացնում: Հիմա սահմանվել են նոր դրույքաչափեր:
Արմեն Կոտոլյան - Չափագիտական խախտման դեպքում, այսինքն՝ թերլիցքավորումների, տնտեսվարողը տուգանվում է 500 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվելու դեպքում տնտեսվարողը տուգանվում է 1 մլն դրամ, և այդպես շարունակ: Այսինքն՝ ամեն անգամ մեկ տարվա ընթացքում եթե կրկնվի՝ մեկ մլն, մեկ մլն, մեկ մլն:
Պատիժն ավելի խիստ է որակական խախտումների դեպքում, և եթե տնտեսվարողը բարձր որակի բենզինի կամ դիզելի անվան տակ վաճառում է ցածրակարգ վառելիք, օրինակ՝ պրեմիումի փոխարեն ռեգուլյար բենզին է օգտագործում, ապա առաջին անգամ կտուգանվի 1 մլն դրամ, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ 2 մլն դրամ:
Օրենսդրական փոփոխություններից հետո, այսինքն՝ հուլիսի 7-ից, տեսչական մարմինը 55 չափագիտական և որակական ստուգում է իրականացրել, հայտնաբերել է 42 խախտում, տուգանքի չափը գերազանցում է 30 մլն դրամը: