ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել ՏԻՄ օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին:
Միավորման և խոշորացման ճանապարհին մենք ավելի ենք մոտենում տարիներ ի վեր նպատակադրած ապակենտրոնացման պրոցեսին: Արդյունքում՝ համայնքների տնտեսական ներուժը մեծանում է, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դառնում է արդյունավետորեն գործադրելի: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բոլոր համայնքներում մասնագիտական ու կադրային ռեսուրսի ապահովման առումով: Համայնքների համար ավելի հասանելի են դառնում նաև թվային ծառայությունները, մեկ միասնական գրասենյակները՝ նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը:
4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ ղեկավար մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով:
Թեև ՏԻՄ ընտրությունները հանրային ընկալումներում առայժմ բավարար չափով քաղաքականացված չեն համարվում, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանք պետք է քաղաքական թիմերի, վերջինների գաղափարների դրսևորման ու բանավեճի հարթակի վերածվեն: Համոզված եմ, որ այդ պրակտիկան մեզ մոտ ավանդույթ է դառնալու՝ հնարավորություն ընձեռելով ՏԻՄ համակարգում ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ մասնակցություն: Իրենց ստացած ձայներին համապատասխան՝ վերջիններս ներկայացված են լինելու համայնքի ավագանիում և մասնակցելու են համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց նախընտրական ծրագրերը:
Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրել նախորդ 3 տարիներին: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ: ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար:
Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը: Վստահ եմ՝ մեր բարեփոխումների գործընթացի շարունակումն էական դեր է կատարելու համայնքների համաչափ զարգացման գործում՝ ՏԻՄ համակարգը դարձնելով քաղաքացիակենտրոն և սպասարկելով ընդհանուր բարիքն ու հանրային շահը»: