Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` COP26-ի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Կլիմայի էներգետիկայի միջազգային համագործակցության հատուկ հանձնակատար Սեբաստիան Բարկովսկիին։
Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման համար և նշել, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում Հայաստանը շատ կարևոր է համարում միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։
Փոխնախարարը խոսել է երկրի համատեքստում իրականացվող գործողությունների մասին, որոնք ընթանում են Հայաստանի վերանայված ազգային մակարդակով սահմանված գործողությունների հովանու ներքո՝ ներառյալ էլեկտրական շարժունականության խթանումը, ազգային մակարդակով սահմանված գործողությունների գործընկերության պլանի իրականացումը, օդի որակի բարելավումը, էներգաարդյունավետության բարձրացումը, անտառապատ տարածքների ավելացումը և Սևանա լճի էկոհամակարգի բարելավումը GIZ-ի և UNDP-ի EU4Sevan ծրագրի միջոցով։
Ընգծվել է համայնքներում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի զարգացման անհրաժեշտությունը, այս առումով երկիրն արդեն իսկ լավ փորձ ունի KFW ծրագրի հետ՝ ներառյալ պահպանվող տարածքներում ընթացող շարունակական գործողությունները։ Աննա Մազմանյանն անդրադարձել է կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման խնդրին և նշել, որ Հայաստանն այդ խնդրին լուծումներ գտնելու նպատակով խորհրդատվության և միջազգային փորձի փոխանակման կարիք ունի։
Փոխնախարարը գործընկերներին հայտնել է, որ COP26-ից հետո երկրի գնահատված կարիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի լեհական կողմին՝ հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ակնկալիքով։
Պարոն Բարկովսկին խոսել է Լեհաստանի պատրաստակամության մասին՝ աջակցել ԵՄ հարևան երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Ներկայացվել է Լեհաստանի շրջակա միջավայրի պահպանության և ջրերի կառավարման ազգային հիմնադրամը, որն արդեն 30 տարի օգտագործում է բնապահպանական վճարները և ԵՄ-ի միջոցները օդի, ջրի, հողի մաքրությանն ու բնության պահպանությանը նպաստող ծրագրերի ֆինանսավորման համար: Պարոն Բարկովսկին ընդգծել է, որ այս հիմնադրամի աջակցությամբ Լեհաստանում արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտները դարձել են էկոլոգիապես ավելի մաքուր:
Սեբաստիան Բարկովսկին ներկայացրել է, որ Լեհաստանի Կլիմայի աջակցության նախաձեռնությունը պատրաստ է Շրջակա միջավայրի պահպանության և ջրերի կառավարման ազգային հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային և խորհրդատվական ծրագրերի միջոցով 11,25 մլն եվրոյի սահմաններում աջակցել ԵՄ հարևան 14 երկրներին, այդ թվում և Հայաստանին հետևյալ ուղղություններով՝ կլիմայական քաղաքականության մշակում, օդի որակի բարելավում, շենքերի էներգաարդյունավետություն, զրոյական և ցածր արտանետումներով տրանսպորտ:
Ներկայացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն կառավարության առաջնահերթություններին կլիմայական օրակարգում և համապատասխանեն հիմնադրամի ներդրումային չափանիշներին: Կողմերը պայմանավորվել են համաժողովի ավարտից հետո ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել այս ուղղությամբ։