Ամերիկացի քաղաքական մեկնաբան Մայքլ Ռուբինը National Interest-ում հոդված է հրապարակել Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի հետո ստեղծված իրավիճակի մասին: «Մեկ տարի է անցել, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հրադադարին, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին: Եռակողմ պայմանավորվածության եզրափակիչ կետում նշված է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Ըստ Ռուբինի՝ վերջին ամիսներին Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը փորձել են փոխել եռակողմ համաձայնագրի վերջին սահմանումը։ «Նախ՝ այդ կետը նրանք մեկնաբանում էին որպես միջանցքի տրամադրում, որը կիսելու է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հանձնառությունը»,- ասել է Ռոբինը:
«Այն փաստը, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Ադրբեջանը հավատարիմ է դիվանագիտությանը և հրաժարվել է ռազմական ուժից ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Ալիևը հանդես եկավ իր սպառնալիքով, վկայում է կա՛մ Պետդեպարտամենտի ոչ կոմպետենտության, կա՛մ Բլինքենի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի կանխամտածված խախտման մասին»,- նշում է Ռուբինը։
Ըստ հոդվածագրի՝ Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և ապօրինի։ «Ե՛վ նախագահ Ջո Բայդենը, և՛ Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն բացակայում է։ «Սա ցավալի է, քանի որ իրական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամերիկյան շահերը առաջ տանելու համար»,- նշել է նա: Ըստ հեղինակի, եթե Բլինքենն իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանի խաղաղությանը, նա պետք է հետ կանչի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին և ցուցում տալ նրան Անկարա վերադառնալ միայն այն դեպքում, երբ կկարողանա այնտեղ գնալ Հայաստանի մայրաքաղաքից: