Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է՝ ժամանակն է, Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել գործնական հուն: Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակ ստեղծելու առաջարկն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Առաջարկին կողմ է արտահայտվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Զախարովան ասել է, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին: Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես նշված է Ռուսաստանի արտգործնախարարության այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր է եռյակի գծով նախևառաջ շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում: Հիմա եռյակը նախապատրաստվում է շփումների մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Կարևոր ենք համարում որքան հնարավոր է արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան: