Եղեգնաձորի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա են եղել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Նոր Ավան թաղամասի բնակիչներ։
Հանդիպման ընթացքում Մուշեղ Ներսիսյանը ներկայացրել է Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից բարձրաձայնված ջրահեռացման համակարգի բացակայության վերաբերյալ հարցը և իր խոսքում կարևորել խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ պետական կառավարման համակարգը պատրաստակամ է ձեռնարկելու հնարավոր բոլոր քայլերը՝ կարճ ժամանակահատվածում կարգավորելու նշված թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գրիգորյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից մարզում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Նա բնակիչներին վստահեցրել է, որ հիմնադրամի և լավագույն մասնագետների համագործակցության արդյունքում բարձրացված խնդրին կտրվի շուտափույթ լուծում։