Գավառում շինարարական ակտիվություն է: Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինություն և բարեկարգում, կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգում, ժամանցի վայրերի կառուցում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում:
Քաղաքի Հացառատ թաղամաս տանող Բուռնազյան փողոցն ավելի քան 30 տարի չէր ասֆալտապատվել, քարուքանդ վիճակում էր ու դարձել էր գրեթե անանցանելի: Այս տարի Կառավարության սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվեց նաև այս փողոցը, որի հիմնանորոգումն արժեցավ շուրջ 225 մլն 400 հզ. դրամ: Հրատապ հիմնանորոգման կարիք ունեին Գավառի գեղարվեստի դպրոցը և Մշակույթի տունը: Շինարարությունը բավական ծավալուն և թանկ է, ուստի հնարավոր եղավ մեկնարկել բացառապես Կառավարության աջակցությամբ: Արժեքի՝ 86 մլն 360 հզ դրամի 55%-ը ներդրել է համայնքը, 45 տոկոսը՝ Կառավարությունը: Ի դեպ, Մշակույթի տան, համայնքապետարանի և քաղաքային մարզադպրոցի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Արժեքը՝ 85 մլն 360 հզ. դրամ:
Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ այս տարի բարեկարգվում է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցու տարածքը: Նույն ծրագրով քաղաքի մի քանի բազմաբնակարան շենքներին հարող տարածքներում հիմնանորոգվում են խաղահրապարակներնը, և տեղադրվում են մարզասարքեր: Այդ ծրագրի արժեքը 49 մլն 521 հզ դրամ, որի 55 %-ը համայնքային, իսկ 45%-ը պետական բյուջեներից են հատկացվել:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան