Հենց այս հասցեից էր Շոմբի Շարփը 2018-ին հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Դիվանագիտական առաքելությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ավարտելիս հիշում է՝ կյանքում առաջին անգամ էր նման բան տեսնում:
Հայաստանում անցկացրած տարիներին՝ համավարակից մինչև պատերազմ, տեսած փորձությունը ծանր էր ու Արցախին օգնելու ցանկություն կար, բայց մանդատի գործող կանոններ կային՝ ասում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Շոմբի Շարփ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՄԱԿ-ի մշտական համակարգող - Ինքս և իմ գործընկերները շատ դժգոհ էինք այդ փաստից, քանի որ ինչպես բոլոր դիվանագիտական կառույցների, այնպես էլ ՄԱԿ-ի մանդատը սահմանափակված է միայն Հայաստանի սահմաններով, անգամ կառավարությունն է այդպես կարծում: Մենք որևէ հնարավորություն չենք ունեցել հակամարտության ժամանակ, պատերազմի ընթացքում, դրանից առաջ կամ հետո օրինակ՝ ուղևորվել Լեռնային Ղարաբաղ կամ բացահայտ խոսել որոշ թեմաներից: Այդպիսին է մեր դիվանագիտական մանդատի սահմանը: Մենք կուզեինք ավելի ակտիվորեն ներգրավվել մարդասիրական աջակցությանը, բայց միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պահանջում են, որ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ղեկավարությունը տա համաձայնություն՝ մարդասիրական նպատակներով մուտք գործելու համար: Զգալի ջանքեր գործադրվեցին ՄԱԿ-ի կողմից և դրանք շարունակվում են:
Շոմբի Շարփը նշում է՝ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հաստատել է, որ համաշխարհային մակարդակում մեծապես սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ խաղաղության տևական համաձայնագրի հասնելու համար:
Շոմբի Շարփ - Գիտենք, որ այժմ չկա՛ խաղաղության համաձայնագիր, կան չլուծված բազմաթիվ հարցրեր, որոնք դեռ պետք է լուծվեն, որ տարածաշրջանի երկրները կարողանան առաջ շարժվել և անվտանգ, ապահով ու բարեկեցիկ ապագա ունենալ: Շատ ողջունելի է, որ մարտական գործողությունները դադարել են, բազմաթիվ մարդկանց մահվան դեպքերը դադարել են, բայց տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ լինում են հրաձգություններ, էլի մարդային զոհեր են լինում: Խաղաղության համար անհրաժեշտ է կայուն և տևական համաձայնագիր: Դրան հասնելու համար, ՄԱԿ-ը դերակատարում չունի, այս հակամարտության պարագայում միա՛յն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ է այդ գործընթացը տեղի ունենալու:
Բարեփոխումների ծրագրերից. հաստատվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման գործակցության 2021-2025թթ. նոր ծրագիրը: Միացյալ Ազգերի Կազմակերպությունը Հայաստանին կաջակցի, որ առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության ուղղություններում զարգացնեն մարդկային ռեսուրսները, տնտեսությունը տարբեր մարզերում և համայնքներում, կառավարումն արդյունավետ դարձնեն: Շոմբի Շարփը նաև Հայաստանում ներդրումների մտքերով է հեռանում՝ արդեն Դելիում ՄԱԿ-ի աշխատանքները համակարգելու: Հայաստանի հետ կապ կպահի՝ խոստանում է:
Շոմբի Շարփ - Կարծում եմ՝ արցունքն աչքերիս կհեռանամ, բայց դրանք նաև ուրախության արցունքներ կլինեն, որ մենք հնարավորություն ունեցել ենք 4 տարի այստեղ լինելու և ի հեճուկս մարտահրավերների՝ մեր կյանքն առհավետ դեպի լավը փոխելու: Մի շատ առանձնահատուկ որակ կա, որ բացահայտել եմ Հայաստանում. ամբողջ աշխարհում հայեր կան, և ուզում եմ քաջություն ունենալ ու Վիլյամ Սարոյանի՝ հայերին հայտնի խոսքը կրկնել, որ երբ երկու հայ աշխարհի մի ծայրում հանդիպում են, Հայաստան են ստեղծում: Կուզեի մտածել, որ ես և կինս աշխարհի տարբեր ծայրերում հայերին հանդիպելիս նոր մի հիանալի միջանձնային կապ կստեղծենք: Հայերեն մի քանի արտահայտություն կա, որ գիտեմ: Եթե գինի լիներ ձեռքիս, կենաց կասեի: Կասեի, որ ի սրտե բոլոր հայերին մաղթում եմ բարեկեցիկ ապագա և խաղաղ կյանք, որին բոլորդ արժանի եք: Գիտեմ, որ ՄԱԿ-ը Հայաստանում այդ ուղղությամբ կշարունակի աշխատել: