Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել:
Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում:
Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: