ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքներին։
Նա նշել է, որ կառուցվում է Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև դեպի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գնացող ճանապարհները։
«Այս փուլում կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. Կառավարության որոշում նախապատրաստեցինք, որով այդ հատվածի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք, և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասել է Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ ճանապարհաշինության բնագավառում հիմնականում ընթացիկ աշխատանքներ են կատարվել, որոնք շարունակվում են։