ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ. ՌԴ ԱԳՆ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է՝ փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Ընդ որում, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, կարևոր է, որ Բաքուն և Երևանը բոլոր դրույթների հետագա իրականացման և անվերապահ կատարման հարցում պահպանում են իրենց հանձնառությունը: Ռուսական կողմը ջանքեր է գործադրում հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար: Արդիական է նաև կրոնամշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։
ՌԴ ԱԳՆ - Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության մեջ: Բարձր ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ընդգծում ենք կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը:
ԿԱՐԵՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՄԵԿՆԱՐԿԸ
Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ կարևոր են նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծման նպատակով: Մոսկվան անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
ՌԴ ԱԳՆ - Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Մենք կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը, Հարավային Կովկասի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը: Մենք պատրաստ ենք նաև նպաստել Ռուսաստանի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների երկխոսությանը՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով:
ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Ռազմական գործողությունների դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն կա նաև ԱՄՆ պետքարտուղարությունից: Վաշինգտոնը կոչ է արել վերադարձնել գերության մեջ մնացած բոլոր անձանց, ապահովել անհետ կորածների լիարժեք հաշվառումը, տեղահանված անձանց՝ իրենց տներ կամավոր վերադարձը, հակամարտության տարածքներում հումանիտար ականազերծումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ ԱՄՆ-ը նաև կոչ է արել հետաքննելու մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը այժմ տարածաշրջանում է՝ բոլոր երեք երկրի հետ երկկողմ բնույթի հարցեր քննարկելու և տարածաշրջանային գործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։
ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնելու գործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերին համապարփակ լուծում գտնելու համար: